Պակիստանի Փենջաբի նահանգում ուժգին հրդեհ է բռնկվել մարդատար գնացքում, կրակը ճարակել է էկոնոմ դասի երեք վագոն: Ինչպես Dawn թերթին հայտնել են Ռահիմ Յար Խան օկրուգի արտակարգ ծառայություններում, զոհվել է 24 մարդ: Jang со թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, հայտնել է 46 զոհվածի մասին, իսկ Geo TV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին, հայտնել է, որ հրդեհի հետեւանքով զոհվել է 62 մարդ։ Այս մասին գրում է 168.am-ը:
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել գազասալիկի բալոնի պայթելը, որոնք ուղեւորներն անօրինականորեն օգտագործում էին նախաճաշ պատրաստելու համար: Հաղորդակցուղիների նախարար Շեյխ Ռաշիդի խոսքով՝ մարդիկ փրկվելու համար դուրս էին նետվում այրվող վագոնների պատուհաններից: Տուժածների ստույգ թիվն առայժմ չի նշվում:
Հրդեհը տեղի է ունեցել Կարաչիից Ռավալպինդի ընթացող գնացքում: Այժմ այն կանգած է Լիակատպուր քաղաքից ոչ հեռու:
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ հանձնարարել անհրաժեշտ ողջ օգնությունը ցուցաբերել տուժածներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: