Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2013 թ. հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 3 հազար 156 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 18.8 մլրդ. դրամ կամ 45.9 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության օրերս հրապարակած զեկույցում:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ ստացված մարդասիրական օգնության ծավալը (դոլարային արժեքը) նվազել է 12.9%-ով: Ստացված օգնության զգալի մասը` մոտ 15 մլն դոլարը, եկել է Եվրամիության երկրներից: ԱՄՆ-ից եկել է 10 մլն դոլարի օգնություն: Մնացած երկրներից ավելի քիչ չափով օգնություն է ստացվել:
Օգնության 47.3%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 10%-ը` սարքերն ու ապարատները, 9.8%-ը` մանածագործական իրերը, 8%-ը` մեքենաներ, սարքավորումները և մեխանիզմները, 8.6%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.2%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, 3.3%-ը`պատրաստի սննդի արտադրանքը, 3.6%-ը` ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը, իսկ 6.2%-ը` մնացած ապրանքները: