տուն Հասարակություն Կրթություն Մասնավոր դպրոցների վարձավճարը կնվազի՞

Մասնավոր դպրոցների վարձավճարը կնվազի՞

1738
0
«Այբ» դպրոց

ՀՀ-ում, արտակարգ դրության պայմաններում, բուհերն ու դպրոցները հեռավար ուսուցման են անցել: AraratNews.am-ն այս ընթացքում բազմիցս կապ է հաստատել հանրապետության քաղաքային ու գյուղական դպրոցների տնօրենների հետ՝ տեղեկանալու համար, թե ինչպես է ընթանում ուսումնական գործընթացը:

Պարզելու համար նվազե՞լ է արդյոք հեռավար ուսուցման ընթացքում ուսման վարձի չափը, AraratNews.am-ը կապ հաստատեց մասնավոր դպրոցների տնօրինությունների հետ:

«Հայ ասպետ» ԿԲՀ-ի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանը  AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հեռավար ուսուցման ընթացքում մասնավոր դպրոցի վարձի չափը չէր էլ կարող նույնը մնալ:

«Ես չգիտեմ, թե մյուս մասնավոր դպրոցներում ինչպես է, բայց մենք նաև սնունդ էինք տալիս աշակերտներին, որը հիմա չենք տալիս և այդ գումարները բնականաբար կրճատել ենք: Այս ամսից կկրճատենք նաև որոշակի փոքր հատված տնտեսական ծախսերի հիման վրա, որպեսզի ծնողների հոգսը մի փոքր էլ թեթևացնենք»,- ասաց Կարին Տոնոյանը:

«Հայ ասպետ» ԿԲՀ-ի միջնակարգ դպրոցում վարձավճարը կարող է տարբեր լինել. գերազանցիկներն այլ վարձ են վճարում, ծնողազուրկ աշակերտները՝ այլ, և այլն:


«Այբ» դպրոց
«Այբ» դպրոցի Հանրության հետ կապերի, հաղորդակցման և միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավար Քրիստինե Քյուրքլյանը AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արտակարգ դրության հաստատման առաջին իսկ օրից «Այբ» դպրոցի բոլոր դասարաններում ուսումնական գործընթացն իրականացվում է ամբողջ ծավալով։
«Մենք հետևում ու միջոցներ ենք ձեռնարկում արագ փոփոխվող իրավիճակում։ Եվ, ինչպես հայտնի է, երեկ Ազգային ժողովը որոշեց երկարացնել արտակարգ դրությունը։ «Այբ» դպրոցը շահույթ չհետապնդող կառույց է, կարգավիճակով՝ հիմնադրամ։ «Այբ» ավագ դպրոցի աշակերտների 75%-ից ավելին յուրաքանչյուր տարի «Այբ» կրթական հիմնադրամի կողմից ստանում է կրթաթոշակ՝ ուսման վարձի փոխհատուցում։ Դպրոցը ղեկավարվում է Հոգաբարձուների խորհրդի կողմից, և ուսման վարձավճարների չափի որոշումը ՀԽ լիազորությունների դաշտում է։ Այս պահին վարձերի վերանայման որևէ որոշում չունենք։ Սակայն չենք կարող բացառել, որ ՀԽ-ը կարող է այդ հարցին անդրադառնալ»,- ասաց Քրիստինե Քյուրքլյանը։
«Ուսում» դպրոց

«Ուսում» դպրոցի տնօրեն Սուսաննա Թամարյանը AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ պայմանագրով ուսման վճարն ուսումնական տարվա համար է նախատեսված:

«Կան լրացուցիչ ծառայություններ, որոնք մենք հեռավար ուսուցման ժամանակ ընդհանրապես չենք իրականացնում: Չենք իրականացնում, ասենք, սննդի մատակարարումը, երեխաներին տրանսպորտով ապահովումը: Այդ ծառայությունների համար ծնողներն առանձին են վճարում: Հիմա ինչի՞ համար ենք մենք վարձն առայժմ նույնը պահել, որպեսզի ուսուցիչը վարձատրվի 100 տոկոսով: Տեխնիկական աշխատողներին նույնպես չենք կրճատել: Քանի որ մեզ մոտ ուսման վճարն ամսով չէ՝ տարով է, ուստի կիսամյակի վերջում «+-»-ը կանենք և կտեսնենք, թե ինչ է ստացվում: Շատ մարդիկ կան, ովքեր դեռ չեն վճարել, մենք նրանց ոչինչ չենք ասում՝ ընդամենը խնդրում ենք, որ ովքեր կարող են՝ վճարեն, որպեսզի այս օրերին մենք ճգնաժամի մեջ չընկնենք»,- ասաց Սուսաննա Թամարյանը:

«Ուսում» դպրոցի տնօրենն ընդգծեց, որ ներկայումս աշակերտների հետ դասապատրաստումն իրականացնում են ծնողները, սակայն դասապատրաստում իրականացնող ուսուցիչները նույնպես վարձատրվում են: Դպրոցի սպասարկման ոլորտի աշխատողները անցյալ ամիս վարձատրվել են և վարձատրվելու են:

Տնօրենի խոսքերով, ծնողները դեմ չեն, որ վերոնշյալ աշխատողները վարձատրվեն:

Օլյա Շահինյան