Սուրեն Սահակյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է․
«Կարծում եմ բոլորին է հետաքրքրում, թե իրականում որքան է ներքաղաքային ուղևորափոխադրումների ինքնարժեքը: Ամեն անգամ, երբ տրանսպորտի սակագների հետ կապված հարց է լուսաբանվում, բացի 2-3 հեռուստաընկերություններից, բոլորը հեռարձակում են վարչախմբի մանկլավիկների հավաստիացումները, որ ուղեվարձի՝ 100 դրամ պահելն անհնար է:
Նախ, բոլորս գիտենք, որ ոլորտը կարգավորող պաշտոնյաներից յուրաքանչյուրի ազգականները «գծեր» ունեն, ինչը արգելվում է օրենքով: Ըստ տեղեկությունների, Տարոն Մարգարյանին են պատկանում նվազագույնը 2 երթուղային գիծ՝ 5 և 32 համարները, Հենրիկ Նավասարդյանին՝ 18 և 26 ավտոբուսային, Միսակ Համբարձումյանին՝ նախկին 93 և 103 համարները (թվերը հետագայում փոխվել են), Հենրիկ Նավասարդյանի որդին է տնօրինում նաև Motion Time ընկերությունը, որը երթուղայինների վրայի գովազդների տեղաբաշխումով է զբաղվում:
Ոլորտին ամբողջությամբ ծանոթ չեմ, բայց նստացույցի 66 օրվա ընթացքում շատ ինֆորմացիա ստացանք չարաշահումների մասին: Սա իհարկե փաստաթղթերով հաստատված տեղեկատվություն չէ, այն մեզ են տրամադրել նախկին և ներկա բազմաթիվ աշխատակիցներ: Այս չարաշահումների իրական ծավալների և դրանց մեխանիզմների մասին սպառիչ տեղեկություններ կարող է ստանալ վերստուգիչ մարմինը, որը հույս ունեմ վաղ, թե ուշ կայցելի պաշտոնյաներին: Նախ, տասնյակ դիսպետչերական կետերի լույսի ու հեռախոսի վարձերը վճարում են իրենք՝ դիսպետչերները, իսկ «Երևանտրանս» ընկերության հաշվից այդ նպատակով դուրս գրված միջոցները գրպանվում են: Դիսպետչերները, իրենց հերթին, աշխատում են սահմանված ժամանակից մի քանի ժամ ավել: Նրանք առավոտյան ժամը 7-ից սկսում են հավաքագրել գումարներ, որոնց մասին կգրեմ հետագայում… Այդ աշխատաժամանակը չի հայտարարագրվում, դրանց մասին գրառումներ չեք տեսնի տաբելային գրքերում, ըստ որոնց, նրանց աշխատանքային ժամը սկսվել է 9-ից և ձգվել 8-9 ժամ (սրան կարող եք ականատես լինել ցանկացած դիսպետչերական կետում կատարված դիտարկման դեպքում): Այս աշխատանքների համար դիսպետչերները իհարկե ստանում են լրացուցիչ ստվերային գումարներ, այն գումարներից, որոնց մասին դեռ գրելու եմ: Մարտկոցների աշխատանքային ժամանակը հաշվարկվում է 3 ամիս, բայց օգտագործվում են նվազագույնը 1 տարի: Նույնը կարելի է ասել մեքենաների, նրանց անվադողերի, քսայուղերի և այլ պահեստամասերի մասին: Յուրաքանչյուր երթուղային տաքսի կամ ավտոբուս պետական տուրքերից, օրվա «գծի» վարձից բացի, օրական վճարում են 200 դրամ (որոշ տվյալներով՝ 500 դրամ) «Երևանտրանս» ՓԲԸ-ին: Ամսվա մեջ հաշվարկվում է 25 օր (5 օր է տրվում տեխնիկական սպասարկմանը և հանգստին), ստացվում է, որ ամսական ցանկացած ուղևորափոխադրող տրանսպորտային միջոց վճարում է 5000 դրամ: Այդ թիվը բազմապատկում ենք ավելի քան 2000 տրասպորտային միջոցի վրա և ստանում ամսական ավելի քան 10.000.000 դրամ ստվերային եկամուտ: Սրանից իրենց մասնաբաժինն են ունենում գումարները հավաքող դիսպետչերները, քաղաքապետարանը, որոշ տեղեկություններով՝ քաղաքապետը, ու հենց սրանով է պայմանավորված Միսակ Համբարձումյանին ատամներով պահելու անհրաժեշտությունը, քանի որ նրա պաշտոնանկության դեպքում անհրաժեշտ կլինի գտնել նույնպիսի վստահություն վայելող մեկին, որպեսզի առանց ավելորդ խնդիրների ապահովի ստվերային գումարների հոսքը ուղևորների գրպանից պաշտոնյաների գրպանը (նախկին տնօրենը ավելի զգույշ է գործել, իրենց «մարդը» չի եղել, այդ իսկ պատճառով վերահսկողությունը ավելի ուժեղ է եղել, նույն պատմությունը կարող է կրկնվել հաջորդի դեպքում):
Պարբերաբար յուրաքանչյուր երթուղու համար անց են կացվում մրցույթներ, որոնց մասնակցող փոխադրամիջոցների համար ընդունված են համապատասխան չափորոշիչներ: Որպեսզի «Երևանտրանսը», որպես մրցույթն անցկացնող կազմակերպություն (գնահատողներ են լինում նաև քաղաքապետարանի և ՃՈ ներկայացուցիչները), չնկատելու տա երթուղային տաքսիների կամ ավտոբուսների անմխիթար վիճակը, սահմանված է «տաքսա» յուրաքանչյուր մեքենայի համար: Մի ժամանակ՝ դա 100 դոլարն էր մեկ մեքենայի համար: Բացի այս վճարը, որոշ դեպքերում, կախված տնտեսվարողի «մեջքի» հաստությունից և ծանոթության աստիճանից, շահագործելու համար նույնպես պայմանավորվում է մի կլորիկ գումար, որպեսզի վերահսկողություն իրականացնող մարմինը՝ «Երևանտրանսը» «հանկարծակի» չհայտնաբերի մեքենաների անմխիթար վիճակը: Հարկերի ծավալը փոքրացնելու համար հայտարարագրվում է որոշակի քանակի երթուղային միջոց, սակայն շահագործվում է զգալի ավելին: Իրականում երթուղային տաքսիները ապահովում են աննորմալ գերշահույթ:
ԵՎ ԱՅՍ ԱՄԵՆԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ԴՈ՛ՒՔ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՂԵՎՈՐԴ:
Այսօր, ժամը 18:30 եկե՛ք Մաշտոցի պուրակ, մասնակցե՛ք հանրության կազմակերպած հանձնաժողովի աշխատանքներին, և փորձենք ինքներս պարզել, թե իրականում ինչքանով են արժանահավատ հանրությանը տրամադրվող տեղեկատվությունը կատարվող ծախսերի և ստացվող եկամուտների մասին»: