Ինչպես արդեն տեղեկացրել էինք Կառավարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում տեղական մսի վրա կկիրառվի ավելացված արժեքի հարկի 7-տոկոսանոց դրույքաչափ: Սա ներկայացվում է որպես դրույքաչափի իջեցում, որովհետև սուպերմարկետներում վաճառվող մսի նկատմամբ կիրառվում է 20 տոկոսանոց դրույքաչափ: Դա մտավախություն էր առաջացրել, որ հիշյալ փոփոխություններից հետո հանրապետությունում մսի մանրածախ գինը կարող է ավելանալ 500-700 դրամով (ԱԱՀ-ն և սպանդանոցային ծախսերը ներառյալ):
Araratnews.am-ը մսի թանկացման հարցի շուրջ զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ.
«Չեմ կարծում, որ մսի գինը կթանկանա, ուղղակի այս փոփոխության արդյունքում պետությունը փորձում է գնային հավասարություն ստեղծել շուկաների և սուպերմարկետների միջև, ինչը, իմ կարծիքով, անարդար է»,- ասաց տնտեսագետը:
Նա հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո՝ 2018 թ. հունիսից սկսած սուպերմարկետները սկսեցին հարկվել ԱԱՀ-ով՝ 20-տոկոսանոց դրույքաչափով, ինչի հետևանքով որոշակիորեն բարձրացան մսի, ինչպես նաև միրգ-բանջարեղենի գները: Այս ընթացքում, ըստ տնտեսագետի, շուկաներում մսի իրացումը հարկվում էր շրջանառության 5-տոկոսանոց հարկի շրջանակներում:
«Եթե ՀՕ-ում հիշյալ փոփոխությունները կատարվեն, ապա անհավասար պայմաններ են ստեղծվելու շուկաների և սուպերմարկետների միջև, որովհետև վերջիններս մեծ ռեսուրսներ ու ծառայություններ ունեն, և առաջանալու է մրցակցություն ոչ հավասար ուժերի միջև: Բայց ամեն դեպքում, մսի թանկացում չեմ կանխատեսում»,- ընդգծեց Սուրեն Պարսյանը:
Մասնագետի դիտարկմամբ, կառավարության այդ նախաձեռնությունից հնարավոր է տուժեն միս վերամշակողները, օրինակ՝ երշիկ արտադրողները: Պարսյանի կարծիքով, դրույքաչափի նվազումը պետք է դիտարկել շղթայական տրամաբանությամբ, ինչի հետևանքով կարող է բարձրացվել միս վերամշակողների հարկային բեռը: