Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցի հավաստիացմամբ՝ կորոնավիրուսը կարող է բացասական ազդեցություն ունենալ թոքերի, սրտի, երիկամների և մի շարք այլ կարևոր օրգանների վրա:
«Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ այս մասին Սարգսյանցն ասաց հունիսի 29-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
«Այս վարակը խանգարում է մի շարք օրգանների աշխատանքին: Այն թույլ չի տալիս, որ արյունը մատակարարվի ոչ միայն թոքեր, այլև երիկամներ, սիրտ, կենտրոնական նյարդային համակարգ: Ինչը կարող է հանգեցնել ինսուլտի»,-ընդգծեց մասնագետը:
Խոսելով վարակի հիմնական թիրախի՝թոքերի մասին՝ նա շեշտեց, որ թոքերի շնորհիվ է արյունը հագենում թթվածնով և մատակարարվում գրեթե բոլոր բջիջներին, իսկ ծանր թոքաբորբի հետևանքով թթվածնային քաղց է լինում:
Նարինե Սարգսյանցի խոսքով՝ կորոնավիրուսը հիմնականում թափանցում է շնչուղիներով, որոշ դեպքերում կարող են ախտահարվել նաև ստորին շնչուղիները, կարող է զարգանալ թոքաբորբ:
«Այն վարակակիրները, որոնք ախտանիշներ են ունենում, 40 տոկոս դեպքերում վարակը թեթև են հաղթահարում: 40 տոկոս դեպքերում վարակն ուղեկցվում է թոքաբորբով: 20 տոկոսից 15 տոկոսը ծանր թոքաբորբ է տանում, իսկ 5 տոկոսը՝ ծայրահեղ ծանր»,-տեղեկացրեց մասնագետն ու հորդորեց մարդկանց խուսափել ինքնաբուժմամբ զբաղվել, գիտակցել, որ սա վարակիչ հիվանդություն է. այն ոչ թե անհատական, այլ հանրային առողջության հարց է:
Հայաստանում հունիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր25127դեպք, որոնցից13297-ն` առողջացած:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում11254պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է110 571թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված482նոր դեպք և181առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան433(ավելացել է ևս7-ով) դեպք: