Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը հունվարի 14-ից գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ Ըստ պաշտպանների՝ նրա վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք։
Արդեն այսօր՝ հունվարի 15-ին, ՀՀ դատախազության նախաձեռնությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ է հրավիրվել։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: