Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի՝ եզդիների հասցեին արված վիրավորական արտահայտությանը: Տիկին Զոհրաբյանը կարծում է, որ դա ոչ միայն հարիր չէ ԱԺ պատգամավորի պահվածքին, այլև ընդհանրապես, մարդը չպետք է նման արտահայտություններ թույլ տա. «Գիտե՞ք, եթե մի կողմ թողնենք պարոն Բադեյանի և իմ պատգամավոր լինելը, չնայած այն ավելի պարտավորեցնող է, քանի որ պատգամավորի կամ պետական պաշտոնյայի հիմնական կրեդոներից մեկը պետք է լինի՝ հարգել այլոց իրավունքները, մշակույթը, հարգել սեփական երկրի քաղաքացիներին, ուղղակի անթույլատրելի եմ համարում նման ձևակերպումը: Ես սա ասում եմ, ոչ միայն որպես պատգամավոր, այլև որպես քաղաքացի և կարծում եմ, որ պարոն Բադեյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի, ոչ թե փորձի իր կուսակցական տարբեր գործընկերների միջոցով միջնորդավորված մեսինջներ ուղարկել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը araratnews.am—ի հետ զրույցում:
Տիկին Զոհրաբյանը նաև նկատել է, որ երեկ մամուլի միջոցով Մանվել Բադեյանը փորձել է շտկել իր վիրավորական արտահայտությունը, բայց իր համար նման ձևակերպումներն անընդունելի են: Պատգամավորը չի ընդունում և դատապարտում է, երբ փորձ է արվում նվաստացնել քաղաքացուն` և այս դեպքում արդեն կարևոր չէ, թե քաղաքացին ինչ ազգության է պատկանում. «Նման պահվածքը հարիր չէ պաշտոնյային և անգամ՝ քաղաքացուն»,- ասաց ԱԺ պատգամավորը: