AraratNews.am-ը տեղեկացրել էր, որ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել էր ԱԺ խմբակցություններին, որպեսզի վերջիններս առանձին իրենց տեսակետը հայտնեին անցյալ տարվա դեկտեմբեր ամսին ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի՝ եզդիների հասցեին թույլ տված վիրավորական արտահայտության վերաբերյալ:
Ինչպես այսօր AraratNews.am-ին տեղեկացրեցին «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունից` իրենք ստացել են ԱԺ ՀԱԿ խմբակցությանը պատասխանը, որում մասնավորապես ասվում է. « Բադեյանը կամ որևէ այլ ոք իր հայտարարություններով կամ պահվածքով չի կարող ստվեր գցել հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: Մեզ բոլորիս պետք է մտահոգի ոչ թե Բադեյանի անտեղյակությունը եզդի ժողովրդի պատմական ավանդի, մշակութային ժառանգության, նշանավոր մտավորականների և զինվորականների մասին, այլ նրա և շատ այլ իշխանավորների քամահրական վերաբերմունքը Հայաստանի Սահմանադրության հանդեպ: Բադեյանի արարքը Սահմանադրության խախտում էր, ուստի պետք է պատժվեր ամբողջ խստությամբ: Այլատյացություն քարոզող կամ դավանող անձը իրավունք չունի լինելու Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի միջանցքում հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանն՝ ի պատասխան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին, հունից դուրս է եկել և բղավել. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»: