տուն New Year News Ինչու է Նոր տարվա առաջին օրից Ալեն Սիմոնյանը սկսում հաշվել օրերը

Ինչու է Նոր տարվա առաջին օրից Ալեն Սիմոնյանը սկսում հաշվել օրերը

368
0

Araratnews.am-ը ամանորյա հարցազրույցների շարք է սկսել հայ հայտնիների, քաղաքական գործիչների հետ: Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Պրն Սիմոնյան, ինչպե՞ս եք նշելու այս տարի Ամանորը և այն նախորդից ինչո՞վ է տարբերվելու:

Այս Ամանորը պատրաստվում եմ դիմավորել Հանրապետության Հրապարակում իմ ընտանիքի, մեր վարչապետի ընտանիքի, մեր ժողովրդի, մեր մեծ հայկական ընտանիքի հետ:

Ինչպիսի՞ նվերներ եք սիրում ստանալ և տալ ձեր հարազատներին:

Սիրում եմ նվերներ տալ նախապես, իմանալով, թե տվյալ մարդն ինչ կցանկանա, որ ես իրեն նվիրեմ: Ինչ վերաբերում է՝ ինչ եմ սիրում ստանալ, երևի թե ամենաշատը հագուստ:

Իսկ Ձեր դուստրը Ձմեռ պապիկին նամակ գրե՞լ է, իրականցնելո՞ւ եք նրա ցանկությունը:

Դուստրս ուղիղ տեքստով ասում է՝ ինչ է ուզում: Բայց ամեն դեպքում Ձմեռ պապիկին գրած նամակներին ես չեմ հասցնում հետևել, կինս է ավելի շատ զբաղվում այդ հարցերով:

Մանկությունից մնացած ինչպիսի՞ հուշեր կան, որ կուզեիք մեզ հետ կիսվել:

Մանկուց՝ Նոր տարվա առաջին օրից սկսում եմ օրեր հաշվել, որովհետև ընդամենը մի քանի օր հետո իմ ծննդյան օրն է: Եվ ես հաշվում եմ, թե քանի օր մնաց, որ հերթական տարին բոլորեմ: Ամանորն ու իմ ծնունդն իրար հաջորդում են, ու ինձ մոտ մինչև հունվարի 5-ը նախատոնական տրամադրություն է:

Պատկերացնո՞ւմ եք Ամանորը՝ առանց բլինչիկի, խոզի բդի, տոլմաների, ստոլիչնիի, ինչպես վարչապետի տիկինն էր հորդորում, հնարավո՞ր է հայկական Նոր տարին առանց այդ ուտեստների դիմավորել:

Ճիշտն ասած, չեմ պատկերացնում, որովհետև մեր տանը հատկապես այդ ժամանակ է մայրս ի ցույց դնում իր խոհարարական հմտությունները: Բայց հասկանում եմ, որ կանայք շատ ջանք են ներդնում այդ օրերին՝ իրենց շատ ծանրաբեռնելով, ու բոլորս էլ ականատես են լինում դեպքերի, որ կանչում ենք. «Մամա, վերջացրո՛ւ, ժամանակն է արդեն, արի՛ սեղանի մոտ», ու նա ասում է. «Այս մի բանն էլ տաքացնեմ ու գամ»: Եվ այս առումով, վարչապետի տիկինը, որպես կին, շատ ավելի լավ գիտի այդ ծանրաբեռնվածության մասին, առավել ևս նա 4 երեխայի մայր է: Ես ինչ, ես տղամարդ եմ:

Իսկ ո՞ր ուտեստն եք ամենաշատը սիրում ամանորյա մենյուից: 

Ամենաշատը սիրում եմ բուդ և խոզի գոճի:

Ըստ Ձեզ, Հայաստանին ամենից շատ ինչ է պետք, և հենց դա մաղթեք, որ ձեռք բերենք 2020-ին։

Կմաղթեմ բոլորին երջանկություն, որովհետև հայ ժողովուրդն այդ երջանկությունը փափագել է վաղուց: Թերևս այսքանը: