Փետրվարի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Ս. Վարդանանց զորավարների տոնին նվիրված հանդիսություն: Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչ Արժանապատիվ Տ. Հովել քահանա Օհանյանն անդրադառնալով օրվա խորհրդին՝ նշել է. «Դարերի ընթացքում, երբ վտագնված է եղել մեր ինքնությունը, պետականությունն ու մեր ժողովրդի հոգևոր անդորրը` մեր ժողովրդի հոգում վերարթնացել են Ս. Ղևոնդն իր խաչով ու Ս․ Վարդանն իր սրով, և իրենց անմար ու զորեղ ոգով հայ ժողովուրդն իրագործել է անհնարինը: Այսօր էլ մենք` որպես մերօրյա Ղևոնդներ ու Վարդաններ, պետք է զորավոր նրանց ոգով ի չիք դարձնենք չարի յուրաքանչյուր հրովարտակ, տեր կանգնենք մեր ինքնությանն ու հավատքին՝ թույլ չտալով հավատավոր մեր զավակներին գերի դառնալ կեղծիքին ու ստին, դրամին ու դիրքին: Վարդանանց պատերազմից անցել են դարեր, բայց նրանց անկոտրում ոգին միշտ էլ կենդանի է եղել մեր սրտերում, և յուրաքանչյուր հայ պարտավոր է իր հոգու մի գողտրիկ անկյունում խոնարհվել նրանց հիշատակի առաջ, քանի որ նրանց նահատակությամբ է, որ մեր ժողովուրդը հավատարիմ մնաց մեր Փրկչի երկնային վարդապետությանն ու հարատևեց դարեր»:
Տեր Հովելը նաև ներկաների անունից շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվանակոչության ուրախալի օրվա առիթով՝ հաստատելով, որ Նորին Սրբությունը, որպես սիրող, ներող ու խնամող հայր, որպես քաջ, իմաստուն և արիասիրտ Հովվապետ Ազգիս Հայոց` գիշեր ու զօր իր կյանքն է դնում հոգևոր կյանքի անդորրության, Հայոց Եկեղեցու և մեր սրբազան Հայրենիքի զորացման, պայծառացման ու ապահովության նվիրական գործին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամն ու օրհնությունն է փոխանցել ներկաներին: Նորին Սրբությունը, անդրադառնալով Ս․Վարդանանց հերոսական ոգուն ու նահատակությանը հանուն հայրենիքի և հավատի, մասնավորապես ասել է․ «Որքան դարեր ու ժամանակ անցնի, ազգիս զավակները Վարդանանց ոգով գոտեպնդված՝ պարտավոր են հիշել, որ թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից, որ քրիստոնեությունը հանդերձանք չէ, որը կարելի է փոխել, այլ մաշկի գույն ու էություն։ Վարդանանց պատերազմը մեզ համար լոկ պատմական իրադարձություն չէ, այլ ոգու վեհ ու տիրական հաղթություն, որը լուսավորել է մեր ժողովրդի փորձություններով լեցուն պատմության ուղին։ Նրանք հաղթեցին մահին վստահությամբ, որ ոչինչ հայ կյանքից չպիտի կարողանա դուրս մղել Աստծուն, և Քրիստոսով մեզ տրված Աստծո սեփական ժողովուրդ լինելու շնորհը պիտի զորացնի նոր հաղթանակների։ Այսօր նույնպես մեզ համար օրախնդիր է պաշտպանել մեր սրբազան հայրենիքի սահմանները, մեր հոգևոր արժեքների անաղարտությունը, մեր սուրբ հավատքն ու ավանդությունները, որոնց դեմ ծառանում են նորանոր մարտահրավերներ: Մեր կյանքի հրամայականների ու դժվարությունների հանդիման մենք ունենք Վարդանանց օրինակը, նրանց խրախույսն ու ոգեշնչումը։ Վարդանանց հետ, նրանց անմահ խորհրդով գիտենք ով ենք և ուր ենք գնում։ Նրանց հետ պիտի գիտենանք նաև մեր արիությանը վատություն չխառնել և մեր պարտքի ու պատասխանատվության մեջ քաջ ու հաղթանակող լինել»։
Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: