Մայիսյան հաղթանակներին նվիրված համերգային ծրագրում սիրված կատարողները հանդես են գալու բազմաժանր ու հետաքրքիր ստեղծագործություններով:
Համերգը տեսագրված է և ցուցադրվելու է Հանրային հեռուստատեսությամբ:
Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը տեղեկացրեց, որ համերգային ծրագրում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարության նվագախումբը, Երգի պետական թատրոնը, «Նեմրա» ռոք խումբը, ելույթ են ունենալու Արսեն Գրիգորյանը, Արթուր Մանուկյանը… Վերջինս հանդես կգա հետաքրքիր և շատերին անծանոթ «Զարդիր, որդյակ» երգի կատարմամբ:
«Ելույթ են ունենալու նաև «Մեկնարկ» նախագծի սաները՝ տաղանդավոր պատանիներ՝ երաժիշտ-կատարողները: Արթուր Գրիգորյանն ու Արմեն Պուչինյանը կներկայացնեն «Սուսերով պար»-ը, հետաքրքիր անակնկալ է մատուցելու Վահագն Հայրապետյանը: Նա ջազային մեկնաբանությամբ է կատարելու պատերազմական «Մութ գիշեր» («Темная ночь») հանրահայտ երգը: Ելույթ կունենան նաև Գևորգ Հակոբյանը, հայտնի օպերային երգիչներ»,-նշեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու խոստովանեց, որ հաղթանակին, Հայոց բանակին նվիրված միջոցառումները չեն պատկերացնում առանց խորհրդանշական իմաստ ձեռք բերած «Երազ իմ երկիր» երգի կատարման:
«Ուզում եմ իմ խոնարհումը բերել բոլոր այն մարդկանց, ովքեր ապահովել են երջանիկ լինելու մեր հնարավորությունը: Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողանում ենք ապացուցել, որ նույնիսկ այս դժվարին պայմաններում, այս լրջագույն սահմանափակումների պայմաններում մենք մի հասարակություն ենք, որը կարողանում է ցույց տալ իր պատկառանքը հիշատակի, հիշողության հանդեպ: Սա շատ կարևոր է, որովհետև հիշողությունը ոչ միայն հարգանք է անցյալի հանդեպ, այլև արժեքների հռչակում է, արժեքների հաստատում է, նաև՝ ապագայի գրավական»,-ընդգծեց նա:
Խզմալյանի խոսքով՝ միջոցառումները, որոնք այս պայմաններում իրականացնում են, վերաճում են միջոցառում գաղափարն ու վերածվում են հոգևոր իրադարձության, հոգևոր արարողության:
«Դա ցույց տվեց ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումը: Կարծում եմ՝ այն ծրագիրը, որն ընտրվել է Հաղթանակի օրվա նշանավորման համար, շատ հագեցած ու բազմաժանր է:
Փոխնախարարը չբացեց բոլոր փակագծերը և շնորհավորեց բոլորին՝ շեշտելով. «Թող հաղթանակը միշտ ուղենիշ լինի մեր ազգի, մեր պետության համար»: