տուն Հասարակություն Մամուլի շենքում հրդեհը մեկուսացվել է. ՀՀ ԱԻՆ փրկարարները մանրամասներ են հայտնում

Մամուլի շենքում հրդեհը մեկուսացվել է. ՀՀ ԱԻՆ փրկարարները մանրամասներ են հայտնում

346
0

Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքում բռնկված հրդեհի վերաբերյալ ահազանգից հետո ԱԻՆ փրկարարները շատ արագ արձագանքել են: Համակարգված աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում շենքում գտնվողները տարհանվել են, տուժածներ չկան: Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է Երևան քաղաքի փրկարարական ծառայության վարչության պետ գնդապետ Առնո Հարությունյանը:

«Բարեբախտաբար տուժածներ չկան: Շենքը հոսանքազրկված է, հրդեհը մեկուսացված է: Մի որոշ ժամանակ անց ծուխը կմաքրվի և, կարծում եմ, որ ավելի ուշ  մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց աշխատավայր»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշել է Առնո Հարությունյանն՝ ավելացնելով, որ պատճառը եղել է կարճ միացումը, այրվել են մալուխները: Կարճ միացումը եղել է առաջին հարկում գտնվող էլեկտրավահանակում:

Դեպքի վայրում հրդեհաշիջումը ղեկավարել է Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ մայոր Արթուր Մարդանյանը:

«Առաջին հարկում գտնվող հոսանքի վահանակներն են այրվել: Հոսանքազրկումը մի փոքր ուշացավ, որովհետև ամեն հարկ, կարծես, առանձին սնուցում ուներ: Ներկայում կարող եմ ասել, որ հրդեհը մեկուսացվել է, որևէ վտանգավոր բան չկա, որևէ սենյակ չի այրվել»,-նշեց Արթուր Մարդանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հունվարի 18-ին՝ ժամը 11:47-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել: