ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը զգուշացրել է առաջիկա 4 տասնամյակներում Արիզոնայից մինչև Զամբիա կանոնավոր հեղեղումների, փոթորիկների ու երաշտի հնարավորության մասին: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Կլիմայի վրա մարդկության կործանարար ազդեցությանը նվիրված նոր նախագծի շրջանակներում կազմակերպությունը հրավիրել է հայտնի հեռուստահաղորդավարների, որոնք մասնակցել են «Եղանակի տեսություն՝ ապագայից» հոլովակի նկարահանմանը: Նախագծին իրենց մասնակցությունն են բերել այնպիսի խոշոր ընկերություններ ինչպիսիք են ճապոնական NHK-ը, ամերիկյան Weather Channel և գերմանական ARD-ը:
Կարճամետրաժ հոլովակներում ներկայացվում է 2050 թվականին Ֆլորիդայում տեղի ունենալիք հեղեղումը, որն օդերևութաբանների կարծիքով կարող է ծածկել Մայամին, կամ Արիզոնայի սարսափելի երաշտը, որի ժամանակ ջերմաստիճանը կարող է հասնել 50 աստիճանի:
Հաշվի առնելով այն վտանգը, որ կրում է գլոբալ տաքացումը՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը չի բացառում, որ այդ «ապագայի եղանակի տեսությունը» միանգամայն կարող է իրականանալ: