ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դիմել է G20-ի պետությունների ղեկավարներին՝ հորդորելով ընդունել պատերազմական իրավիճակին հատուկ ծրագիր, որը կորոնավիրուսի համավարակը հաղթահարել փորձող զարգացող երկրների բիզնեսին, աշխատավորներին և տնային տնտեսություններին մի քանի տրիլիոն դոլարի ծավալով խթանիչ փաթեթների հատկացում կներառի: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
G20 ղեկավարներին ուղղված նամակում գլխավոր քարտուղարը նշել է, որ այս երկրները կազմում են համաշխարհային համախառն ներքին արտադրանքի 85 տոկոսը, ուստի «Մեծ քսանյակ»-ի պետությունների շահերից է բխում ճգնաժամի հաղթահարման հարցում այդ երկրներին օգնելը:
«Պետք է համակարգենք բոլոր ռեսուրսները և պայմաններ ստեղծենք զարգացող երկրների համար իրենց տարածաշրջաններում և տնտեսություններում համաճարակի հաղթահարման հավասար իրավունքներ ապահովելու համար»,- նշել է գլխավոր քարտուղարը։