Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել երկրի բոլոր նահանգների ղեկավարներին և եկեղեցիների ներկայացուցիչներին՝ մասնակցել «Համազգային կոնֆերանս՝ հանուն խաղաղության» հավաքին, որը կայանալու է վաղը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին։
Այս քայլին Մադուրոն գնացել է այն բանից հետո, երբ երկրում արդեն երկու շաբաթ չեն դադարում հակակառավարական ցույցերը, ինչի հետևանքով արդեն կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Ձերբակալվել է ընդդիմության առաջնորդ Լեոպոլդ Լոպեսը։ «Մենք պետք է հրաժարվենք բռնություններից որպես քաղաքական պայքարի գործիք»,- ասել է Մադուրոն՝ նշելով, որ կոնֆերանսի նպատակը ստեղծված իրավիճակից խաղաղ ելք գտնելու ցանկությունն է։ «Ես հրավիրում եմ նաև եկեղեցուն», — ասել է նա։ Ավելի վաղ վենեսուելական ընդդիմության մեկ այլ առաջնորդ՝ Էնրիկե Կապրիլեսն ասել էր, որ ներվենեսուելական ճգնաժամի հաղթահարման միջնորդ կարող է դառնալ կաթոլիկ եկեղեցին։