Օրերս «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատ արձակման դիմում էր ներկայացրել, ինչը մեծ արձագանք ստացավ հանրության շրջանում։
Araratnews.am-ը գործով նախկին կասկածյալ, ապա ազատ արձակված Մուշեղ Մովսիսյանի եղբորից՝ Առաքել Մովսիսյանից (Շմայս) փորձեց պարզել՝ ի՞նչ կարծիք ունի Հունանյանի դիմումի մասին, արդյոք նա կարո՞ղ է ասելիք ունենալ։
«Ինչի՞ ես ինձ զանգել, թող իրավապահ մարմինները զբաղվեն այդ հարցով ու որոշեն՝ ինչ անեն դիմումի հետ։ Ճիշտ տեղ չես զանգել, քուրիկ ջան»,- այսպես արձագանքեց Մովսիսյանը՝ կախելով հեռախոսը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը՝ Մուշեղ Մովսիսյանը, «Հոկտեմբերի 27»-ի գործով կալանավորվել էր, ապա ազատ էր արձակվել։ Նրա վերջին՝ 2000 թ. հունիսի 16-ի հարցաքննության ժամանակ քննիչ Գ. Լևոնյանը հետաքրքրվել է, թե տեղյա՞կ է, որ դահլիճ մտնելով՝ Նաիրի Հունանյանը հարցրել է, թե ուր է Մուշեղը (այդ արտահայտությունը լսվում է անգամ լրագրողների ձայնագրություններում), իսկ նա պատասխանել է. «Նման բան չի եղել։ Եթե Նաիրի Հունանյանը նման հարցով դիմած լիներ, ապա անցած ամիսների նախաքննության ընթացքում քննիչները գոնե մեկ անգամ հարցրած կլինեին»։
Նշենք, որ Մուշեղ Մովսիսյանը 2004-ին Ապարան-Երեւան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց։ Վթարից հետո նա մի քանի վիրահատություն տարավ, սակայն, գիտակցության չգալով, մահացավ: