տուն Լուրեր «Ճանապարհներից ոչ մեկը չի կարող մեզ ապահով հասցնել տուն». Շամշադինի շրջան մտնող...

«Ճանապարհներից ոչ մեկը չի կարող մեզ ապահով հասցնել տուն». Շամշադինի շրջան մտնող 3 ճանապարհն էլ վտանգավոր են կյանքի համար

267
0

L1051742-Bearbeitet-copy

Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Սիրանույշ Մելիքյանը, ով սովորում է ԵՊՀ-ի միջազգային հարբերություններ բաժնում, Araratnews.am-ի հետ զրույցում նշում է, որ Շամշադինի շրջան մտնող  երեք ճանապարհներից երկուսըˋ Պառավաքար-Վազաշեն եւ Բերդ- Ճամբարակ, խիստ վտանգավոր են  կյանքի համար, իսկ երրորդըˋ Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջեւան, ամբողջովին անբարեկարգ վիճակում է:

Հոկտեմբերին 22-ից հետո, երբ Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհին ադրբեջանական կողմից հնչած կրակոցների հետեւանքով զոհվեց մեկ եւ վիրավորվեցին մի քանի զինծառայողներ մարտական ավտոմեքենաների շարասյունով ընթանալիս, փակվեց եւ մինչ օրս շարունակվում  է փակ մնալ  ռազմավարական նշանակություն ունեցող այդ ճանապարհը:

«Պառավաքար-Վազաշենը փակելուց հետո հիմա մնացել են Բերդ-Ճամբարակ եւ Իծաքար-Գանձաքար-Իջեւան ավտոճանապարհները: Բայց Բերդ-Ճամբարակը ունի 4 կմ ընդհանւր սահմանագիծ Արդբեջանի հետ  եւ իր վտանգավորությամբ չի զիջում Պառավաքար-Վազաշեն ճանապարհին: Բացի այդ, սարից ինջող ձյունը անընդհատ փակում է ճանապարհը, ինչքան էլ այն մաքրեն, թույլ չի տալիս, որ բաց մնա»,-ասում է Սիրանույշ Մելիքյանը:

Տավուշի մարզի Շամշադինի շրջանից Երեւան եկող երրոդ ճանապարհըˋ Իծաքար-Գանձաքար-Իջեւանը, ինչպես նշում է Սիրանույշ Մելիքյանը, կառուցումից  ի վեր չի բարեկարգվել, ամբողջովին գրունտային ճանապարհ է:

Այն միակն ճանապարհն է, որի կողմից ադրբեջանցիները դիտակետ չունեն, սակայն մարդիկ չեն կարողանում օգտագործել այդ ճանապարհը՝ անբարեկարգ լինելու եւ ձյան պատճառով:

«Դրա համար մենք պահանջում ենք, նախեւառաջ, որ առաջին իսկ հնարավորություն դեպքում  վերականգնեն այդ ճանապարհը, որպեսզի բնակչությունը ազատ մուտք ու ելք ունենա: Այսօր առավոտյան այդ ճանապարհով տարածաշրջանից դուրս են եկել ընդամենը մի քանի մեքենա   եւ Երեւան են հասել մի 7 ժամում, որ սովորաբար 3-4 ժամում են հասնում: Եթե մենք ուզում ենք տուն գնալ, տարածաշրջան մտող երեք ճանապարհներից ոչ մեկը չի կարող մեզ ապահով տուն հասցնել»,- ասում է Մելիքյանը:

Շամշադինի շրջանի 400-ից ավել ուսանողներ սովորում են Երեւանում եւ ձմեռային արձակուրդներին տուն վերադառնալու համար ճանապարհները մեծ խնդիրներ են ստեղծելու նրանց համար: Երիտասարդները նշում են, որ ավտոճանապարհների խնդրով առաջիկայում նախատեսվում է հանդիպում Տավուշի մարզպետի հետ:

«Կարեւոր խնդիր է նաեւ հիվանդների հարցը,  որ ձմռանը պետք լինի հիվանդի տեղափոխել Երեւան, դա խնդիր է դառնում, այն էլ սահմանի, ուր չեն դադարում կրակոցները, մի վիրավոր զինվոր լինի, չեն կարա շտապ Երեւան հասցնեն: Մեզ համար հիմնական ճանապարհը դա է եղելˋ Պառավաքար-Վազաշեն: Նախ մենք չենք ուզում, որ դա էլ փակվի, որովհետեւ  ինչ որ առումով զիջում ենք ադրբեջանցիներին: Իրենք  այդ հոգեբանական իրավիճակն են ստեղծում, որ կարողացան փակել մեր հիմնական ճանապարհը»,-նշում է Մելիքյանը:

Ճանապարհների բարեկարգման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար մենք փորձեցինք կապվել նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հետ: Նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը պատասխանեց, որ վերը նշված ճանապարհներին այժմ աշխատանքներ են ընթանում եւ մարդիկ աշխատում են: Այդ մասին ավելի մանրամասն մեզ խոստացան հայտնել մամլո հաղորդագրության տեսքով առաջիկա օրերին:

Լիլիթ Առաքելյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here