Ղրղզստանում Covid-19-ը կտրուկ աճել է. Հիվանդանոցները չեն բավականացնում, դեղորայքը գնում են հարազատները

    499
    0

    Ղրղզստանում միայն հուլիսին Covid-19-ով հիվանդացությունների թիվը 4,5 անգամ ավելացել է, երկրի առողջապահական համակարգը դադարել է հաղթահարել այդ բեռը, պատգամավորները արձակուրդի մեջ են, և շատերը խուճապի են մատնվել: Նրանցից ոմանք հիվանդացել են կամ հարազատներ են կորցրել:

    33-ամյա Գյուլնարան Covid-19-ով վարակվել է մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ իր գործընկերների հետ վերադարձել է մեկուկեսամսյա կարանտինից: Գյուլնարայի պարտականությունների մեջ մտնում է պայմանագրերի կազմումը և բանակցությունների վարումը հաճախորդների հետ: Նրանցից մեկը հայտնել է աղջկան, որ ստացել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխան։

    «Մենք ցնցված էինք, նա չէր հազում ու չէր փռշտում: Ինչպես պարզվեց, նա հիվանդությունը տանում էր ասիմպտոմ»,- պատմում է Գյուլնարան: Թեև գրասենյակում պատադիր է դիմակ ու ձեռնոց կրելը, երբեմն մենք դրանք հանում էինք, օրինակ, երբ մնում էին միայն մեր աշխատակիցները, կամ ճաշելու ընթացքում: Այդ հաճախորդը հաճախ գալիս էր մեր գրասենյակ և նույնիսկ մի քանի անգամ ճաշել է մեզ հետ, այնպես որ՝ մենք լիովին կարող էինք վարակվել նրանից»:

    Գյուլնարան Covid-19-ով հիվանդացավ Ղրղզստանում համավարակի ի հայտ գալուց չորս ամիս անց: Կորոնավիրուսով վարակված առաջին երեք հոգին հայտնաբերվեցին մարտի սկզբին՝ Սաուդյան Արաբիայից վերադարձած ղրղզական ուխտագնացների շրջանում: Covid-19-ի դեմ պայքարի հանրապետական ​​շտաբում հաղորդեցին, որ այդ երեք հոգին չեն պահպանել տնային կարանտինի կանոնները և շփվել են ավելի քան 150 մարդու հետ:

    Ղրղզստանը հարևան Ղազախստանի և Ուզբեկստանի հետ մարտի վերջին փակեց օդային սահմաններն ու խստ սահմանափակումներ մտցրեց ամբողջ երկրում:

    Երկրի երեք խոշոր քաղաքներում ՝ Բիշքեկում, Օշում, Ջալալ-Աբադում և մի շարք այլ շրջաններում հաստատվեց արտակարգ դրություն և պարետային ժամ: Տեղի բնակիչներին խորհուրդ չէր տրվում տնից դուրս գալ առանց խիստ անհրաժեշտության, արգելվում էր դուրս գալ բնակավայրի սահմաններից: Շատ ձեռնարկությունների աշխատակիցներ աշխատում էին հեռավար, դադարեցվեց հասարակական տրանսպորտի ու տաքսիների աշխատանքը, երկրի բոլոր ուսումնական հաստատություններն ու մանկապարտեզները փակվեցին գրեթե երկու ամսով: Պարետային ժամը խախտողներին ձերբակալում էին և տուգանում:

    Տնտեսական ճգնաժամ

    Նման կոշտ գործողությունները թանկ արժեցան Ղրղզստանին. հարկային եկամուտները տասնապատիկ նվազեցին: Բյուջեի դեֆիցիտը հասավ աննախադեպ՝ 37 միլիարդ սոմսի (մոտավորապես 500 միլիոն դոլար)՝ կորցնելով 1/5 մասը: Էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսում է, որ մինչև տարեվերջ երկրին սպասվում է տարածաշրջանում ՀՆԱ-ի ամենակտրուկ անկումը` մինչև մինուս 5,3%: Երկիրը նման ճգնաժամ է ապրել միայն 1990-ականներին:

    Բայց երբ մայիսին կարանտինը թեթևացավ, առողջապահության նախարարությունը իր գործողությունները հայտարարեց հաջողված, քանի որ 6,5 մլն բնակչությամբ երկրում գրանցվել էր Covid-19-ով վարակված ընդամենը 1002 գրանցված դեպք, իսկ մահերն ընդամենը 12-ն էին:

    Ղրղզստանը մեկ ամսվա ընթացքում դանդաղորեն հանեց սահմանափակումները. մեկը մյուսի հետևից սկսեցին աշխատել տնտեսության բոլոր ոլորտները, այդ թվում՝ հասարակական տրանսպորտը և շուկաները: Այդ ժամանակ Covid-19-ի գրանցված դեպքերի թիվը աճեց մինչև 2 հազար:

    Բայց հունիսին, հենց որ բոլոր սահմանափակող միջոցները վերացվեցին, վարակվածների թիվը սկսեց աճել երկրաչափական պրոգրեսիայով. կարանտինի ընթացքում ամեն օր հայտնաբերվում էր հիվանդացության 25-80 դեպք, իսկ հունիսի կեսերից, որոշ օրեր լինում էր 300-700-ը:

    Այժմ ամբողջ քաղաքում շտապօգնության շչակները չեն դադարում, ու մարդիկ խուճապի մեջ են:

    Ինքնաբուժություն

    Նախկինում Ղրղզստանում կորոնավիրուսի համար թեստեր հնարավոր էր հանձել միայն բժշկի ուղեգրով, եթե հիվանդը շփման մեջ էր եղել կամ ապրում էր հիվանդ մարդու հետ: Սակայն հունիսից բոլոր ցանկացողները կարող են անալիզներ հանձնել մասնավոր լաբորատորիաներում:

    Այդ ժամանակից ի վեր Ղրղզստանի սոցիալական ցանցերը հիշեցնում են հայտարարությունների տախտակ: Հիվանդներն ու նրանց հարազատները ինտերնետում և դեղատներում որոնում են հայտնի դեղամիջոցներ` հասարակ պարացետամոլից ու հակաբիոտիկներից մինչև թթվածնի խտանյութեր: Մարդկանց մեծամասնությունը բուժվում է ինքնուրույն՝ կարդալով խորհուրդներ ինտերնետում, նրանցից ոմանք դիմում են կամավոր բժիշկներին, որոնք առցանց խորհրդակցում են հիվանդների հետ («Telegram»-ում):

    Գյուլնարան նույնպես խորհուրդներ էր ստանում հեռախոսով ծանոթ բժշկից, բայց երկու շաբաթ անց, երբ նրա վիճակը վատացավ, նա գնաց մայրաքաղաքի մասնավոր կլինիկաներից մեկը և թոքերի ռենտգեն արեց: Պարզվեց, որ նրա մոտ զարգացել է երկկողմանի թոքաբորբ, թոքերի 30% վնասվածքով:

    Հիվանդացությունը Ղրղզստանում կտրուկ աճեց հուլիսի սկզբին, և կորոնովիրուսի դեմ պայքարի հանրապետական շտաբը սկսեց հայտնել նաև ոչ հիվանդանոցային պնևմանիայից մահացողների մասին։ Միայն հուլիսի առաջին 13 օրվա ընթացքում գրանցվել է 372 նման դեպք, չնայած այն հանգամանքին, որ այժմ երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է 167:

    Նրանք, ովքեր մահացել են թոքաբորբից, ունեցել են կորոնավիրուսի բացասական թեստ: Բայց ԱՀԿ ներկայացուցիչ Մայքլ Ռայանը վերջերս նման միտում է նշել տարածաշրջանի մի քանի երկրներում և չի բացառել, որ այդ մահերը կարող են լինել կորոնավիրուսի հետևանքը, որը ճիշտ չի ախտորոշվել:

    ԱՀԿ հայտարարությունից հետո Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ ոչ հիվանդանոցային թոքաբորբի վիճակագրական դեպքերը այժմ համարվում են կորոնավիրուսի դրսևորում:

    Հիվանդանում են բժիշկները

    Հիվանդացության կտրուկ աճի պայմաններում ամենադժվար վիճակում հայտնվել են բուժաշխատողները: 12 հազար հիվանդներից յուրաքանչյուր վեցերորդը աշխատում է առողջապահության ոլորտում. սա երկու հազար բուժաշխատող է: Միայն հուլիսի 14-ին բժիշկների և բուժքույրերի շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով հիվանդ 105 դեպք:

    Բուժաշխատողները սկսեցին հիվանդանալ վատ պայմաններում և ինտենսիվ ծանրաբեռնված աշխատանքների հետևանքով` անհատական ​​պաշտպանիչ սարքավորումների պակասի պատճառով: Դրանք աղետալիորեն չէին բավականացնում նաև վարակի տարածման սկզբում, ինչի հետևանքով շատ բժիշկներ գնացին հիվանդության արձակուրդի:

    Գյուլնարայի բախտը բերեց. նրա ազգականը ծանոթ բժշիկ ուներ մայրաքաղաքի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցում, և նրան հոսպիտալացրին, երբ դժվարացավ շնչառությունը: Սակայն լեփ-լեցուն հիվանդանոցների պատճառով ոմանք այդպես էլ չկարողացան օգնություն ստանալ: Ըստ տեղական ԶԼՄ-ների, թոքաբորբով տառապող երկու հիվանդ մահացել են հենց մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի շեմին:

    42-ամյա Սվետլանան պանդեմիայի ժամանակ կորցրեց ծնողներին: Նախ մայրը հիվանդանոցում մահացավ կորոնավիրուսից. Նա մինչ այդ  ինսուլտ էր տարել, և նրա օրգանիզմում շատ արագ զարգացավ հիվանդությունը: Իսկ հետո հայրը մահացավ շտապօգնության մեքենայում ՝ ցերեկային ստացիոնար տեղափոխելու ճանապարհին:

    «Մայրիկը բառացիորեն մեկ օրվա ընթացքում մարեց: Հենց մենք հուղարկավորեցինք նրան, հայրիկը հիվանդացավ,- պատմում է Սվետլանան:- Ես սկսեցի վազել և զանգել հիվանդանոցներ, ոչ մի հիվանդանոցում տեղ չկա: Երբ նա  շատ վատ էր զգում, մենք շտապօգնություն կանչեցինք և գրեթե հինգ ժամ հիվանդանոցից հիվանդանոց էինք գնում: Եվ այդպես էլ նա մահացավ ճանապարհին… Մի օրում կորոնավիրուսը ինձանից խլեց ամեն ինչ»: