Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հանդես է եկել Ուկրաինայի հարցով անսպասելի հայտարարությամբ: Բիշքեկը հայտարարել է, որ չի համարում Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի օրինական նախագահ, իսկ նրա հայտարարությունները որակել է որպես «ոչ տեղին և ոչ ադեկվատ»: Այսպիսով, Ղրղզստանը դարձել է ՀԱՊԿ առաջին անդամը, որը Ռուսաստանի դիրքորոշմանը հակառակ է գնացել: Այս մասին հաղորդում է NG.ru-ն:
Ղրղզստանի իշխանությունները դատապարտել են բոլոր այն գործողությունները, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայի իրավիճակի էլ ավելի ապակայունացմանը: «Այդ պատճառով տեղին և ադեկվատ չենք համարում մարտի 11-ի Վիկտոր Յանուկովիչի ելույթը: Յուրաքանչյուր երկրում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է: Նախագահը չի կարող լեգիտիմ լինել, եթե ամբողջությամբ կորցրել է իր ժողովրդի վստահությունը, դե-ֆակտո կորցրել է նախագահական լիազորությունները և փախել է երկրից», — ասվում է արտգործնախարարության հայտարարության մեջ: