տուն Լուրեր Ղրիմում բավականին էքստրեմալ իրավիճակ է, բայց պատերազմ չի սկսվի. քննարկում Ուկրաինայի հետագա...

Ղրիմում բավականին էքստրեմալ իրավիճակ է, բայց պատերազմ չի սկսվի. քննարկում Ուկրաինայի հետագա զարգացումների շուրջ

111
0

383946303

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը  այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Ղրիմում տեղի ունեցող դեպքերի մասին, նշել է, որ այնտեղ բավականին էքստրեմալ իրավիճակ է, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը շատ լուրջ է:

«Ղրիմում մեծ մասը էթնիկ ռուսներ են: Ամենասկզբից էլ բոլորը հասկանում էին, որ Ղրիմում այդպիսի ռեակցիա էր լինելու: Այդ տիպի հակազդեցությունը, որ Ռուսաստանը այդպիսի քայլի կգնար՝ նույնպես սպասելի էր: Ես կարող եմ ասել, որ իշխանությունը փոխվեց Կիեւում, բայց ոչ Ուկրաինայում»,- ասել է Իսկանդարյանը:

Նա հավելել է, որ Ուկրաինայում ընդհանուր առմամբ իշխանության, պետականության կոլապս է եւ այդ անկման մեջ այն ինչ տեղի է ունենում այժմ, շատ սպասելի էր:

«Պատերազմ չի լինի: Ռուսական զորքերի կողմից Ղրիմը գրավելու, ռազմական գործողությունների գնալու ռեալ ձգտում եւ անհրաժեշտություն չկա»,- ընդգծել է Իսկանդարյանը:

Քննարկմանը ներկա «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը կարծիք է հայտնել, որ ըստ միջազգային իրավունքի եւ միջազգային պարտավորությունների, Ռուսաստանի կողմից կատարվել է ագրեսիա Ուկրաինայի նկատմամբ:

«Կատարվել է Ղրիմի օկուպացիա: Այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում, դա ոչ թե Ղրիմի ներսի, այնտեղ ապրողների ցանկության արտահայտումն է, այլ բացառապես դրսիցˋ Ռուսաստանի կողմից թելադրված գործողություն»,-ասել է Շահնազարյանը:

Նրա խոսքովˋ Ռուսաստանը փորձում է թելադրել իր կանոնները, եւ սա ամբողջ միջազգային հանրության դեմ է:

«Այն արձագանքը, որը ցուցաբերում է Արեւմուտքը աննախադեպ է վերջին տարիների համար: Բավարար է, թե ոչ՝ առաջիկա 72 ժամվա ընթացքում պարզ կլինի: Միաժամանակ Ուկրաինայի ներկայիս լեգիտիմ ղեկավարությունը, հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիան Վրաստանի նկատմամբ, բավական խելամիտ է իրեն պահում եւ ամեն ինչ անում է, որպեսզի որեւ է բախում չլինի ուկրաինական բանակի եւ ռուս զավթիչների միջեւ»,- հավելել է Շահնազարյանը: