տուն Քաղաքական Ղրիմում անցկացվելիք հանրաքվեն հակասում է միջազգային իրավունքին. Իվան Կուխտա

Ղրիմում անցկացվելիք հանրաքվեն հակասում է միջազգային իրավունքին. Իվան Կուխտա

87
0

696977

Այսօր լրագրողներին հանդիպեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան: Ուկրաինայի նկատմամբ ուշադրությունն այսօր բավական մեծ է:

«Ուզում եմ ասել, որ Ուկրաինայում հիմա շատ բարդ իրավիճակ է: Առաջին հերթին դժվար է Ղրիմում անցկացվելիք, այսպես կոչված, հանրաքվեի պատճառով:  Սակայն, ամեն դեպքում Ուկրաինան ունի կառավարություն, Ուկրաինան ունի խորհրդարան ու նախագահի պարտականությունները կատարող անձ: Ու կարծում եմ, Ուկրաինայում իրավիճակը կկայունացվի,- ասաց Կուխտան և շարունակեց,- Ես չեմ կարող ասել, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայում իրադարձությունների նկատմամբ: Մենք գիտենք, որ Հայաստանի նախագահը Դուբլինում իր ելույթի ժամանակ կատարեց համապատասխան հայտարարություն այն մասին, որ Հայաստանը կողմ է Ուկրաինայում կոնֆլիկտի խաղաղ լուծմանը»:

«Մենք զուգահեռներ չենք անցկացնի Ղրիմում տիրող իրավիճակի և Ղարաբաղյան հարցի միջև, քանի որ դա քաղաքագետների, փորձագետների ու վերլուծաբանների գործն է: Գիտեք, որ ԵԱՀԿ գնահատականներով ևս  Ղրիմում անցկացվելիք հանրաքվեն անօրինական է և հակասում է ինչպես Ուկրաինայի Սահմանադրությանը, այնպես էլ միջազգային իրավունքին»,- ասաց Ուկրաինայի դեսպանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հարցի և Ղրիմում տիրող իրավիճակի նմանություններին: