Երեկ արդեն տեղեկացրել ենք, որ Ղրիմի խորհրդարանի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ հայտնաբերվել է երկու դի։ Բժիշկների նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ մահացել է սրտի կաթվածից, երկրորդը դարձել է հրմշտոցի զոհ։
Քիչ առաջ տարածված տեղեկության համաձայն՝ երեկ հրմշտոցի ու ծեծկռտուքի ժամանակ տուժել է 30 մարդ, որոնցից 6-ը հոսպիտալացվել են։ Նրանցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։
Հիշեցնենք, որ երեկ Ղրիմի Գերագույն Ռադայի մոտ բախվել են Ուկրաինայի կազմից դուրս գալու կողմնակիցներն ու թաթարները, որոնք դեմ են նման հնարավորությանը։ Վերջիններիս միացել են նաև Սիմֆերոպոլի եվրամայդանի մասնակիցները։ Ի վերջո որոշում է կայացվել, որ Ուկրաինայի կազմից դուրս գալու հարցի քննարկումը Ղրիմի Ռադայում հետաձգվում է։