Սիրիայի Կամիշլի քաղաքից սիրիահայ Ժիրայր Դոնապետյանը դեռ 2009 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ղարաբաղ եւ հաստատվել Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում:
7 զավակների հայր Ժիրայր Դոնապետյանը զբաղվում է հիմնականում հողագործությամբ: Նրա ավագ որդին ծառայում է հայկական բանակում:
«Ղարաբաղ ապրինք, Ղարաբաղը պետք է պաշտպանինք: Երկու երեխաներս էլ կսորվին Երեւանի պետական համալսարանում: Մենք մինչ պատերազմը սկսալը եղանք Ղարաբաղ: Երկու տարի առաջ էլ, երբ պատերազմը Սիրիայում սկսվեց, եղբայրս եկավ հաստատվեց մեզ հետ Քաշաթաղում»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասում է Դոնապետյանը:
Հայրենիք վերադարձած սիրիահայը պատմում է, որ Կամիշլիում ապրող հայերը հիմնականում հողագործությամբ ու արհեստով են զբաղվել: Կովսականում նա նույնպես զբաղվում է հողագործությամբ:
«Մեզ կառավարությունն էլ կօգնե, տեխնիկա կտրամադրե: Ես ինքս ալ 50-60 հազար դոլարի գործիքներ հետս բերեցի Սիրիայից այստեղ: Հողատարածքները վարձակալությամբ ենք վերցրել, մեկ շնչին 6 հազար մետր է ընկնում»,- ասում է Դոնապետյանը:
Սիրիայի ներքաղաքական պատերազմի հետեւանքովˋ վերջին երկու տարիներին Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում վերաբնակվելու եկան շուրջ 32 սիրիահայ ընտանիքներ: Ինչպես Araratnews.am-ին հայտնում է Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթեւոսյանը, տարեցտարի լուծվում է նաեւ սիրիահայերի բնակարանաշինության հարցերը:
«Կովսականում արդեն մի բազմաբնակարան շենք կառուցված է եւ այնտեղ բնակվում է 8 սիրիահայ ընտանիք: Բերձորում նույնպես 4 ընտանիք բնակարանային պայմաններ, ոմանք նաեւ առանձնատներ ունեն: Իսկ այն սիրիահայերը, ովքեր բնակարան դեռ չեն ստացել, ապրում են մեր հատկացրած հյուրատանը»,- ասում է Մաթեւոսյանը:
Այս պահին Կովսականում շարունակվում է եւս մեկ բամզաբնակարան շենքի կառուցում, սակայն ինչպես հայտնում է Մաթեւոսյանը, որոշ սիրիահայ ընտանիքներ Ղարաբաղ տեղափոխվելուց հետո, երկար չեն մնացել: Կրկին ետ են վերադարձել Երեւան:
«Մարդ կա չի կարող գյուղում ապրել: Կանայք չեն հարմարվում, որովհետեւ սովոր չեն ապրել գյուղում, կով պահել, կամ հող մշակել: Եղան ընտանիքներ, որ Ղարաբաղից հետ վերադարձան Երեւան ապրելու, ոմանք նույնիսկ մեկնեցին Եվրոպա»,- ավելացնում է Դոնապետյանը:
Սիրիահայերի հաստատումից ի վեր Ղարաբաղում հողագործությամբ զբաղվողները սկսել են մշակել ոչ միայն հացահատիկ, այլեւ զեյթուն, կիվի, բանան: Յուրաքանչյուր սիրիահայ ընտանիքի տրամադրվում է 20-50 հա հողատարածք:
«Հադրութում են հիմնականում այդպիսի փորձեր կատարում, մեր շրջանում էլ դեռեւս արդյունքները պարզ չեն: Եվ բանան, եւ կիվի, եւ զեյթուն արդեն աճեցնում են, հենց սիրիահայերն են սկսել , դրա արդյունքը մեկ երկու տարուց երեւի կերեւա»,- ասում է Ռոբերտ Մաթեւոսյանը:
Ըստ սիրիահայերիˋ Քաշաթաղի շրջանի հողերը շատ նպաստավոր են: Ժիրայր Դոնապետյանը հավելում է, որ կլիման շատ լավն է եւ Քաշաթաղում կարելի է նաեւ նարինջ աճեցնել:
Բացի հողագործներից, Քաշաթաղում ապրող սիրիահայերի մեջ կան նաեւ մեխանիկներ, շարժիչագործներ, բժիշկներ, ովքեր աշխատում են տեղի հիվանդանոցում:
«Երեխաները հաճախում են հիմնականում Կովսականի եւ Բերձորի դպրոցները: Սկզբնական շրջանում նրանք լեզվական խնդիրներ ունեին, մեծ մասը արաբախոս էին, հետո կամաց-կամաց հարթվեցին այդ խնդիրները»,- պատմում է Մաթեւոսյանը:
Արդեն շուրջ 5 տարի իր բազմանդամ ընտանիքի հետ Ղարաբաղում բնակվող Ժիրայր Դոնապետյանը ասում է, որ ինքը ցանկություն ունի մշտապես ապրելու Ղարաբաղում:
Դոնապետյանները Սիրիայում մնացած բազմաթիվ հարազատներ ունեն, որոնք ցանկություն ունեն գալ Հայաստան: Նրա քույրերն ու եղբայրները դեռ ապրում են Կամիշլի քաղաքում:
«Հիմա իրենք շատ դժվարություններ ունեն ապրուստի հետ կապված, բայց հաղթահարում են: Երբեմն ուզում են դուրս գալ, բայց վիզա դժվար է գտնել, սիրիական պասպորտները դժվար են տալիս, դրա համար կամ պետք է Դամասկոս գնաս, կամ Լատակիա ու լիքը դժվարություններ կան: Կյանքդ ափիդ մեջ կդնես ու կքալես, չես գիտեր կհասնես, թե չես հասնի»,- եզրափակում է Դոնապետյանը:
Լիլիթ Առաքելյան