Ալմաթիի բնակիչը, որը մետրոյում ցուցադրական հազով և հարբուխով վախեցրել է բնակիչներին և նկարահանել է իր «կատակը», մանր խուլիգանության համար դատապարտվել է 10-օրյա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով քաղաքի ոստիկանության մամուլի ծառայությանը:
Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին նկարահանած տեսանյութը 23-ամյա երիտասարդը տեղադրել է սոցիալական ցանցերում և այն գրավել է տեղի ոստիկանության ուշադրությունը:
«Այժմ այս բարդ իրավիճակի ֆոնին քաղաքացու արած քայլը խուլիգանություն է: Հանուն ինչ-որ կատակի երիտասարդը ոտնահարել է բոլոր բարոյական և էթիկայի նորմերը, ինչի պատճառով էլ ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության մանր խուլիգանության համար»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Դատական գործընթացի սկսվելուց առաջ երիտասարդը հրապարակայնորեն ներողություն է խնդրել քաղաքացիներից: