Փետրվարի 7-ին Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողները, որոնցից երեքը մահացել են, եղել են խրամատում, երբ ձյան հաստ շերտը փլուզվել է։ Այդ պահին նրանք եղել են մարտական հերթապահության։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) եւ կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը:
Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթեւ վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: