Այս տարի ձմեռը բավականին ցրտաշունչ է: Նման եղանակային պայմանները անբարենպաստ են գյուղատնտեսության համար: Բերքատու ծառերը կարող են վնասվել. վնասվում է ոչ միայն բերքը, այլև ծառի բունը: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Վահրամ Մարտիրոսյանը: Նրա կարծիքով, գարնանը գյուղացիները որոշակի աշխատանքներ պետք է կատարեն, որպեսզի կոմպենսացնեն նման եղանակի հասցրած վնասը.«Ձմռան ցրտից տուժում է ոչ միայն բերքը, այլ նաև ծառի բունը: Այս վնասները վերականգնելու համար՝ հաճախ մի քանի տարի է պահանջվում: Կարևոր է, որպեսզի գարնանը անհրաժեշտ բոլոր աշխատանքները կատարվեն: Գարնանը, երբ արդեն պարզվում է ցրտահարության աստիճանը, առաջին հերթին կատարում են հատուկ էտ, որի ժամանակ ծառի տարիքից և վնասի բնույթից ելնելով, վնասված մասերը հեռացնում են հետևյալ կերպˋ երբ ցրտահարված են ճյուղերի ծայրերըˋ կտրում-հեռացնում են չորացած մասը՝ մինչև առողջ բողբոջը, երբ ցրտահարված են 2 տարեկանից բարձր բազմամյա ճյուղերը՝ հեռացնում են վնասված մասերը՝ մինչև առողջ բնափայտը։ Երբ ցրտահարված են ավելի խոշոր կմախքային ճյուղեր, ծառերն էտում են ավելի ուշ բողբոջելուց հետո և հեռացնում են ակնհայտ վնասված մասերը, իսկ եթե վնասվել է նաև բնի որոշ մասը՝ այդ դեպքում հատում են ամբողջ սաղարթը: Բնի առողջ մասից քնած աչքերից առաջանում են նոր շիվեր, որոնց միջոցով էլ ձևավորվում է նոր սաղարթ»,- ասաց մեր զրուցակիցըˋ նշելով, որ հատկապես պետք է այս աշխատանքներում ուշադիր լինեն Արարատյան դաշտավայրի գյուղացիները, քանի որ այս տարածաշրջանում ծառերը սովոր չեն ցրտի, իսկ այս տարի, հատկապես այս շրջանում է ցուրտ ձմեռը: Էտման աշխատանքին պետք է հաջորդեն պարարտացման աշխատանքները, որոնց մասին մեր զրուցակիցը խոստացավ խոսել հաջորդ անգամ: