տուն Քաղաքական Ձենը տաք տեղից է գալիս, խրամատում չի եղել. ՀՀԿ-ականը՝ Միքայել Մինասյանին

Ձենը տաք տեղից է գալիս, խրամատում չի եղել. ՀՀԿ-ականը՝ Միքայել Մինասյանին

2683
0

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը երեկ հարցազրույցում ուշագրավ հայտարարություն էր արել: Նա ասել էր, որ այս իշխանությունը հնի շարունակությունն է, եւ այս 1,5 տարում ոչինչ չի փոխվել:

Araratnews.am-ը Միքայել Մինասյանի հարցազրույցի մասին զրուցեց  ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանի հետ:

Պարո՛ն Աղաբաբյան, համամի՞տ եք Մինասյանի այն հայտարարությանը, թե այս իշխանությունը նախորդի  շարունակությունն է, եւ ոչինչ չի փոխվել:

Ես կարդացել եմ հարցազրույցը, բայց այն մի փոքր անհասկանալի է: Ուզում եմ իմանալ՝ նոր թի՞մ է ձեւավորվում: Նոր թիմ ձեւավորելու համար ազգի, հայրենիքի  համար ամագ պետք է ունենալ, ծառայած, քարը քարին դրած լինել:

Միքայել Մինասյանի հարցազրույցից տպավորություն է, թե նա իրեն դուրս է դնում նախկին իշխանությունից:

Ես դրան նայում եմ որպես հիասթափություն, որովհետեւ չի կարող երկիրը կործանվել, երբ համարյա 100 տարվա պատմություն ունի: Վախենալ պարսկական, ռուսական պարիսպներից կամ խրամատներից… չեմ ընդունում, որ դա հանդուրժել է պետք: Եւ ամենակարևորը՝ այն վտանգի մասին, որ մտածում են… վտանգի մասին մտածում են այն մարդիկ, ովքեր վտանգի մեջ չեն եղել: Ես անցել եմ վտանգներով եւ համոզված եմ՝ հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շատ բանի կհասնի: Եթե էսօր չկա մինուս կամ պլյուս, զրոն էլ է թիվ: Պլյուս դառնալու համար ժամանակ է պետք՝ տարիուկեսում չի լինի, երբ 30 տարում էս երկիրը… չեմ համարում, որ իր ինտերվյուն ընդունելի է:

Մինասյանը նաև հայտարարեց՝ նախկին իշխանությունն ընդդիմություն դառնալու կես ճանապարհին է…

Նախկին իշխանությունը չի կարող ընդդիմություն դառնալ, ոչ էլ դիմություն: Նախկին իշխանությունը փորել է իր գերեզմանը, եւ Միշիկն այդ հարցում ճիշտ է՝ նրանք փոսի մեջ են:

Բայց նա նաև այս իշխանությանն էլ է համարում փոսի մեջ գտնվող: Ասում է՝ չես կարող խրամատում աշխատել, «երազանքի թիմ» հավաքել:

Գիտեք ինչ կա՝ ձենը տաք տեղից է գալիս, ոչինչ:

Միքայել Մինասյանը կարո՞ղ է դառնալ ընդդիմություն, համախմբել իր շուրջը քաղաքական ուժերի:

Նա ունի այդ հնարավորությունը՝ լավ ընդդիմություն դառնալու հնարավորությունը, բայց ոչ հին իշխանությունով: Եթե նոր քաղաքական ուժ է ձեւավորվում, կդառնա լավ ընդդիմություն:

Միքայել Մինասյանը նախկին իշխանության ներկայացուցիչ է՝ եղել է դեսպան Վատիկանում, ու չմոռանանք՝ Սերժ Սարգսյանի փեսան է: Այս ամենը չի՞ խոչընդոտի  ընդդիմություն ընկալվել հանրության համար:

Դե եթե իր աներոջն էլ չի ընդունում, ասում է՝ հին իշխանությունը փոսի մեջ է: Ինքն ի՛նչ գիտի՝ խրամատն ի՛նչ է, եթե այնտեղ չի եղել: Միքայել Մինասյանն առողջ ուժ է: Կցանկանայի, որ նա անկողմնակալ լիներ, ճիշտ ընդդիմություն լիներ, որ իրեն չտաներ աներոջ հետեւից, այլ տաներ ժողովրդի հետեւից:

Միքայել Մինասյանի մասին հակասական կարծիք կա: Ասում են, որ նա իշխանության մեջ լուրջ դերակատարում է ունեցել եւ հակառակը՝ եղել է իշխանության կամակատարը: Ո՞րն է այս կարծիքներից իրական:

Նրան ճանաչում եմ ավելի շուտ: Ինտելիգենտ ընտանիքից է, պատմություն գիտի: Նրա հայրն իմ ընկերն է եղել, շատ-շատ եմ հարգել նրան: Բայց որ հայրենիքի համար Միքայել Մինասյանը ինչ-որ բան է արել… դեսպան լինելը հայրենիքի համար շատ քիչ է… հայրենիքին բան անելու համար պետք է ժողովրդի մեջ լինել, նրա ցավն ու դարդն իմանալ, կարողանալ թալանչիին թալանողից տարբերել: Նա այդ փորձը չունի: Նա միջազգային փորձ կունենա, քիչ բան չի նման պաշտոնը: Եթե անկողմնակալ լինի իր կյանքում, առողջ ուժ կլինի:

Իսկ Մինասյանը եղել է դերակատա՞ր, թե՞ հրահանգ կատարող իշխանության մեջ:

Ես նրա գործունեությունից էդքան տեղյակ չեմ: Գիտեմ, որ Վատիկանում դեսպան է եղել: Դա քիչ բան չի: Նա կարողացավ Հռոմի Պապին  Հայաստան հրավիրել, քիչ բան չի: Բայց որպես քաղաքական գործիչ… քաղաքական գործիչը պետք է հեռատեսություն ունենա: Առավելեւս, որ այդքան ինֆորմացիա ունի: Այսօր ասում է՝ Պարսկաստանը, Ռուսաստանը, բայց դա ճիշտ վերաբերմունք չէ (նկատի ունի «հայ-ռուսական հարաբերություններում՝ խրամատ, հայ-իրանական հարաբերություններում՝ խրամատ» Մինասյանի հայտարարությունը — հեղ.): Դա վախացնելու թեմա է, բայց մենք կյանքում չենք վախեցել: Ամբողջ անկախության բանակը, կռված ընկերները կանգնած են Նիկոլի հետեւը, քանի որ նա բան է փոխել ու շատ արմատական է փոխել: Դրա համար կյանքում ես մինուս չեմ գնա: Հլա որ զրո ենք, ոչինչ, ժամանակ է պետք: Զրոն ավելի շատ դրական է, քան բացասական:

Երեք կետով կամփոփե՞ք, թե 1,5 տարում ինչ է փոխվել:

Ինչի՞ երեք: Առաջինը, որ հին, թթու դրված ՀՀԿ-ն չկա: Ես ափսոսում եմ, որ ՀՀԿ-ի երիտասարդները… լավ տղաներ կան ՀՀԿ-ի մեջ, որոնք դեռ չեն փչացել, գան կուսակցության հիմնադիրների հետ շփվեն, խորհուրդներ լսեն, օգնեն այն բուն կուսակցականներին, որոնք մարդ են եղել, հայ մարդ: Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության մեջ դարձել է խաղաղության աղավնի, որովհետեւ տեսնում ես՝ զինվորի, զինվորի մոր եւ հայ մարդու հետ ոնց է վերաբերվում, դա արդեն առաջընթաց է: Աշխարհում չկա էդպիսի պրեզիդենտ, որ իջնի իր ժողովրդի հետ քայլի: Երրորդ՝ տնտեսական հեղափոխության մատույցները վտանգի տակ են  այն իմաստով, որ հին իշխանությունն իր ֆինանսական, մարդկային ռեսուրսներով պատրաստ է ուղղակի բզկտել Նիկոլ Փաշինյանին: Ես չեմ անտեսում ոստիկանությանը, բայց ասում եմ՝ անկախության բանակի տղաները կանգնած են Նիկոլ Փաշինյանի մեջքին:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here