Այսօր ԱԺ արտահերթ նիստում Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ քննարկմանը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր խոսքում նշեց, որ քաղաքական մեծամասնությունը մերժեց քաղաքական երկխոսության առաջարկը, ուստի այսուհետ թող չասեն, որ իրենք պատրաստ էին երկխոսության:
Նրա խոսքով` եթե կառավարության անդամները խոսեն դժգոհող երիտասարդների հետ, կտեսնեն, որ նրանք հավատում են պետականությանը, բայց չեն հավատում կառավարության ներկայացրած համակարգին, երբ մարդկանց մասնահանումները հանձնվում է մասնավորի ձեռքը:
«Հայաստանում չկա արժեթղթերի զարգացած շուկա, հետևաբար այդ ֆոնդերին վստահելը չի նպաստելու ՀՀ տնտեսության զարգացմանը: Գործատուին ենթարկում եք պատասխանատվության, հայտնի խոսքով ասած` որ ինչ անեք»,- հարց ուղղեց Արծվիկ Մինասյանը:
Նրա կարծիքով` համակարգը պատրաստ չէ, և չի կարող պարտադրանքի միջոցով գործել հունվարի մեկից: Նա նշեց, որ չորս խորհրդարանական ընդդիմադիր ուժերը երթով դեկտեմբերի 17-ին դիմում են ներկայացնելու Սահմանադրական Դատարան` կուտակային կենսաթոշակային ռեֆորմի դեմ:
«Ի վերջո, գոնե մեկ անգամ, քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա, որ այս երկրում գործում է Սահմանադրություն և այն չի կարելի ոտնահարել ու արհամարհել: Եթե այդքան լավ կառավարություն է, ուրեմն ինչու չեն իրենք կառավարում այդ միջոցները: Եթե չեք կարողանում կառավարել, ապա ինչպես քաղաքացիները վստահեն ձեզ իրենց միջոցները: Եթե դուք ստիպում եք քաղաքացիներին իրենց գումարները վստահել ոչ թե կառավարությանը, այլ մասնավորին, ուրեմն դուք այլևս անելիք չունեք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորի համոզմամբ` նոր ռեֆորմով չհարկվող աշխատավարձից 5-10 տոկոս գումար խլելով, քաղաքացիներին հասցվում է կրկնակի հարված: Նա նշեց, որ դա իշխանություն-ընդդիմություն պայքար չէ, դա հասարակության բողոքի ձայնն է, որին կառավարությունը ուշադրություն չի դարձնում:
«Սա այն հասարակության բողոքի ձայնն է, ով ձեզ է ընտրել, բայց եթե նրանց էլ չեք ցանկանում լսել, ուրեմն ձեզ մնում է հավաքել ճամպրուկներն ու հեռանալ իշխանությունից»,-նկատեց պատգամավորը:
Արծվիկ Մինասյանին ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ասաց. «Լավ խորհուրդներ չեք տալիս պարոն Մինասյան»: