Նախագահի թեկնածությունը գրանցելու համար նախորդող 10 տարին անընդմեջ մշտապես Հայաստանում բնակվելու պահանջը հանելու առաջարկությամբ հանդես է եկել ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը, ոչ թե նախագահի աշխատակազմը` ի դեմս Վիգեն Սարգսյանի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով` ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը առաջարկել էր այդ փոփոխություններն անել ընտրական օրենսգրքում, բայց նախագահի նստակեցության ցենզը մեզ մոտ սահմանված է Սահմանադրությամբ: Այդ պատճառով էլ այս պահին Վիգեն Սարգսյանը նստակեցության ցենզի վերաբերյալ փոփոխության առաջարկը փոխանցել է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին: «Փոխանցելուց հետո էլ չի նշանակում, թե սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը արդեն իսկ դրա վերաբերյալ որոշում է կայացրել: Եթե հետևեք իմ դիսերտացիային և դրանից հետո հրապարակային ելույթներիս ու հայտարարություններիս, կտեսնեք, որ ինքս դեմ եմ նստակեցության ցենզը հանելուն: Բայց հանձնաժողովը կքննարկի դրանք, ինչպես ցանկացած առաջարկություն, որը կներկայացվի»,- ասաց Հ. Թովմասյանը: