տուն Սպորտ ՀՖՖ մամուլի ծառայության նեմեցական ոճը

ՀՖՖ մամուլի ծառայության նեմեցական ոճը

232
0

FFA Logo

Այսօր առավոտյան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում տեղեկատվություն էր հրապարակվել, որ մինչև 21 տարեկանների հավաքականի մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշանակվել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Տեղեկատվությունը տարածվել էր ամբողջ օնլայն մամուլով` հղում կատարելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին:

Սակայն քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է հաղորդագրություն այն մասին, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ ՈՒԵՖԱ-ի կայքում այն հայտնվել է ՈՒԵՖԱ-ի կայքի հայաստանյան ներկայացուցիչ Խաչիկ Չախոյանի հրապարակման ոչ ճիշտ թարգմանության պատճառով:

Լավ է, որ ՀՖՖ մամուլի ծառայությունն արագորեն արձագանքում է անմիջականորեն իրեն վերաբերող հրապարակումներին, սակայն մեղմ ասած լրագրողական էթիկայից դուրս է, երբ այդ տեղեկատվությունը ՈՒԵՖԱ-ի կայքից հղումով հրապարակած կայքերին տալիս է copy-paste լրատվության բնորոշում: Ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ մի լրատվամիջոցը կարող է թարգմանել մեկ այլ լրատվամիջոցի հրապարակած նյութը և հղումով փոխանցել իր ընթերցողին, իսկ պաշտոնական կայքերի պարագայում դա ուղղակի անհրաժեշտություն է:

Հիշեցնենք ՀՖՖ մամուլի քարտուղարության մեր գործընկերներին, որ ՈՒԵՖԱ-ի կայքը հանդիսանում է այդ կառույցի պաշտոնական տեղեկատվության հրապարակման աղբյուրը, հետևաբար այդ կայքից տեղեկատվություն վերցրած և հրապարակած կայքերին copy-paste լրատվություն անվանելը կա՛մ դիտավորություն է, անձնական ապատիայի արդյունք, կա՛մ մասնագիտական գիտելիքների և որակների բացակայության հետևանք:

Ցանկանում ենք շեշտել, որ չնայած ՀՖՖ մամուլի քարտուղարության հավաստիացումներին, թե այդ տեղեկատվությունը այլևս չկա ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում, կայքի ֆրանսիական բաժնում այն առկա է, որից և օգտվել ենք մենք, հետևաբար մեր հրապարակած նյութի աղբյուրը դեռևս առկա է: Փաստորեն, ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տարածում է ապատեղեկատվություն:

Հատուկ ՀՖՖ մամուլի քարտուղարության համար նշենք նաև, որ տեղեկատվություն վերցնողը և հղումով հրապարակողը,  պաշտոնական կայքերի պարագայում` առավել ևս, պարտավոր չէ հետահայաց մոնիտորինգ իրականացնել, թե արդյոք աղբյուրը կա, թե՞ ոչ:

Այնուամենայնիվ, այս ամենի մեջ ցավալին ՀՖՖ մամուլի քարտուղարության հրապարակած տեքստի բառապաշարն է` բավականին մոտ փողոցային խոսակցությանն ու բամբասանքին: Ռուբեն Հայրապետյանի «շկոլան» կառույցում այնքան հզոր է, որ ազդում է անգամ լեզվամտածողության վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here