տուն Հասարակություն Հրշեջ-փրկարարի կյանքին դեռ վտանգ է սպառնում

Հրշեջ-փրկարարի կյանքին դեռ վտանգ է սպառնում

329
0

Լոռու մարզում հրդեհաշիջման ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրա կյանքին դեռ վտանգ է սպառնում։ Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեց Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի Այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։

«Ես սպասում եմ անալիզների պատասխաններին։ Հիվանդի վիճակը կայուն ծանր է։ Հիմա նա ստաբիլ իր բուժումը ստանում է, բայց մենք անընդհատ վայրիվերումների ենք սպասում, դեռ չենք կարող հանգիստ շունչ քաշել, որովհետև առաջիկա 8-10 օրվա ընթացքում հնարավոր են վատթարացումներ, որովհետև սեպտիկ փուլին օրգանիզմը կարող է վատ արձագանքել»,- ասաց Բաբայանը։

Իսկ ի՞նչ վիճակում է հիմա հրշեջը․ «Նա նորմալ է, գիտակցություն ունի, հարցերին պատասխանում է, դեմքի այտուցները բավականին իջել են, աչքերը տեսնում են։ Քանի որ բրոնխները և շնչառական ուղիներն այրվել են, թթվածնաբուժությունը դեռ կշարունակվի»։

Բաբայանը նշեց, որ հրշեջ-փրկարարին շաբաթ առավոտյան վիրահատել են․ «Քանի որ հիվանդն ունի խոր՝  3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ, հետագա խնդիրներից խուսափելու համար այսօր լամպասային կտրվածքներ ենք արել, որ ազատենք սեղմման պրոցեսը, և սնուցումը լավ լինի»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 11:37-ին Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում, հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև՝ ԱՆ կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով՝ Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here