Այսօր հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Քեթի գյուղի համայնքապատկան ավտոտնակներում: Նախկին կոլխոզների 8 ավտոտնակները գյուղացիներն օգտագործում էին որպես պահեստներ: Կրակը տարածվել է 8 ավտոտնակներից 4-ում, որոնցից 2-ում էլ ծղոտ ու խոտ էր պահեստավորված:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 3 մարտական հաշվարկ Գյումրիի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից:
Ընդհանուր առմամբ, 850 հակ խոտ ու ծղոտ է այրվել, որը պատկանել է երկու տարբեր տնտեսությունների:
«Ավտոտնակներից երկուսում եղել է խոտ և ծղոտ, որոնք պատկանել են մեր նախկին տրակտորիստներին: Ավտոտնակները չէին շահագործվում: Որպես պահեստ` գյուղացիները պահպանել են: Այրվել է երկրորդ ավտոտնակի մեջ եղած խոտն ամբողջությամբ՝ 450 հակ և չորրորդ ավտոտնակում եղած ծղոտը՝ 400 հակ: Մյուս երկու ավտոտնակները դատարկ են եղել, այրվել է ծածկն ու տանիքը: M1 միջպետական ճանապարհի ճամփեզրից կրակը տարածվելով եկել է: Անցքեր են եղել ավտոտնակներում, անցքերից տարածվել է ներս: Քայքայված վիճակ էր պահեստներում»,-SHANTNEWS.am-ին ասել է Քեթի գյուղի վարչական ղեկավար Թորգոմ Սահակյանը: