Մի բան պարզ է, որ ՀՀ երկու նախկին նախագահները եղել են եւ դեռ երկար կմնան մեզանում ամենամեծ հետաքրքրություն վայելող, հասարակական կարծիք ձեւավորող եւ հասարակական շարժում ստեղծելու ունակ մարդիկ: Նրանց յուրաքանչյուր բառը մարդիկ ուղղակի կլանում են, անմիջապես արձագանքում, եւ դրա պատճառը նաեւ այն խարիզման է, այն կշիռը, որը ոչ բոլոր քաղաքական գործիչներն են կրում: Ենթադրվում է, որ այդ խոսքը, կշիռը, ազդեցությունը պետք է դրական, կառուցողական նպատակներով կիրառվի, երկրի խնդիրների լուծմանն ուղղվի, հասարակության առողջացմանը, մարդկանց հուսադրելուն եւ առաջնորդելուն: Սակայն ցավալիորեն պետք է արձանագրենք, որ ՀՀ նախկին նախագահներն իրենց կշիռը չեն օգտագործում հանրայնորեն օգտակար նպատակներով: Նրանց խոսքի ու գործողությունների շարժիչ ուժը թերեւս ավելի շատ սեփական անձի, այլ ոչ թե երկրի խնդիրներն են: Նրանց կողմնորոշողը ոչ թե հայրենիքի, այլ սեփական շահերն են: Նրանց սերը ոչ թե ժողովրդին է ուղղված, իսկ ջանքերը ոչ թե այդ ժողովրդի ցավերն ամոքելուն, այլ սեփական կշռի բարձրացմանը: Նրանք վրդովվում են ոչ թե այն ժամանակ, երբ Հայաստան երկրին ուղղված քննադատություն են լսում, այլ սեփական անձին: Նրանք անհանգստանում են ոչ թե հայրենիքի անորոշ ապագայից, այլ սեփական կարգավիճակի անհստակ լինելուց: Ինչու, օրինակ, ՀՀ նախկին նախագահներից մեկն ընդհանրապես չանդրադարձավ Մաքսային-Եվրամիություն ընտրության խնդրին, իսկ մյուսն էլ այնպես անդրադարձավ, որ ոչ ոք չհասկացավ, թե վերջապես ինքը որ կողմնորոշման կողմնակիցն է: Այդ անտարբերությունը սեփական երկրի ճակատագրի հանդեպ, պետության ձախողումներն արձանագրելու եւ դրանք արձանագրելու հնարավորությունից հրճվելը օտարին, թշնամուն է բնորոշ ու սազական, այլ ոչ թե նախկին նախագահներին:
Մանրամասնները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում