Չնայած Գալուստ Գրիգորիչն իր հետ տարել է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի իր աշխատասենյակի աթոռը, բայց նոր ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հասցրել է տեղավորվել այդ սենյակում։ Ի հեճուկս ոմանց, Բաղդասարյանը խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջին քննությունը «գերազանց» տվեց. նա ոչ միայն արտահերթ նիստի «հարցը լուծեց» բավական բարեհաջող՝ մեկ մարդու պես խորհրդարան բերելով գրեթե բոլոր ՀՀԿ-ականներին եւ մյուս խմբակցությունների պատգամավորներին, այլեւ գերազանցեց Գալուստ Գրիգորիչին։ Երեկ ֆրակցիան ոչ մի վայրկյան դատարկ չէր մնում։ Պատգամավորները բոլոր ծայրերից ու ծագերից գալիս, Վահրամ Բաղդասարյանին էին ներկայանում ու գնում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի ծննդյան առիթով նիստերի դահլիճը տեղափոխվել էր խմբակցության սենյակ։ Այստեղ էին ՀՅԴ-ականներ Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Ռուբիկ Հակոբյանը՝ «Ժառանգությունից», ապարանցի ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը եւ այլք։ Վոլոդյա Բադալյանի հյուրասիրած կոնյակը գործընկերները շատ էին հավանել՝ ոչ միայն գինովցել էին, այլեւ միայն «հրաշք» կոնյակի մասին էին խոսում։
Գրում է «Հրապարակ» օրաթերթը