Մեր տեղեկություններով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ֆինանսական ստուգումներ են սկսվել: ՓԲԸ-ի աշխատողները խոսում են այն մասին, որ «Ցանցերի» սեփականատերը՝ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ՅԵ ԷՍ» ընկերությունը, նպատակ ունի պարզել դրանց իրական վիճակը, ֆինանսական հոսքերի չափերը: Ինչպես հաղորդում է «Ցանցերին» մոտ կանգնած մեր աղբյուրը, ՀԷՑ-ում սպասվում էր նաեւ, որ գույքագրում պետք է անցկացվի, ինչը, սակայն, դեռ չի արվել: Այսպիսով, չնայած «Ցանցերի» ղեկավարությունը ժխտում է դրանց մոտալուտ սնանկացման մասին վերջերս ակտիվորեն շրջանառվող լուրերը, դրանք այնքան էլ անհիմն չեն: Սա հաստատում է նաեւ այն, որ մոդեռնիզացման պատրվակով «Ցանցերի» տարբեր ստորաբաժանումներում աշխատողներին ստիպում են դիմումներ գրել: Հիշենք, թե ինչպես ՀԷՑ ղեկավար Բիբինն անցյալ տարվա նոյեմբերին փորձեց կազմալուծել խոշոր սպառողների դեպարտամենտը, աշխատողներին ցրելով մասնաճյուղերի վրա, ինչը չհաջողվեց Պուտինի այցից առաջ նրանց բարձրացրած աղմուկի պատճառով: Առայժմ չհաջողվեց: Մի քանի օր առաջ տեղեկացրել էինք նաեւ, թե ինչպես էին «Մուսալեռ» բաժանմունքի ղեկավարները անվանափոխության պատրվակով ստիպել աշխատողներին ազատման դիմումներ գրել: Ի դեպ, աշխատանքը կորցնելու վտանգի առաջ կանգնած աշխատողները «բացահայտում» են համակարգի համար անցանկալի գաղտնիքները: Մասնավորապես, ըստ նրանց, հունվար-փետրվար ամիսներին էլեկտրաէներգիայի սպառման սովորականից բարձր ցուցանիշները բացատրվում էին զանգվածային հավելագրումներով: Ավելացնելով սպառված էլեկտրաէներգիայի ծավալները, թվերն ուռճացնելով, ինչից սպառողների շրջանում մեծ դժգոհություն կար, ընկերությունում հույս ունեին «փակել» համակարգի կորուստները, այն ավելի շահեկան ներկայացնել հնարավոր գնորդի համար: Կորուստների ահռելի չափերը պայմանավորված են նրանով, որ ՀԷՑ-ում տեխնիկական վերազինումները լինում են միայն թղթի վրա, որ իրականում խոստացված ներդրումները չեն կատարվում, իսկ մասնաճյուղերում սարքավորումների հասարակ նորոգումը երազանք է դարձել: Օրինակ, շատ վատ վիճակում է ընկերության տրանսֆորմատորային պարկը: «Եթե ներքին ռեսուրսով կարողանում ենք կցել-կպցնել, վերացնել տվյալ դեֆեկտը, ուրեմն լավ է: Եթե ոչ, ապա ինչ փչացավ՝ փչացավ, այլեւս սարքող չկա»,- պատմում է նախկին աշխատողներից մեկը: Ի դեպ, վերջին շրջանում ընկել է նաեւ տրանսֆորմատորային յուղի որակը: Նախկինում ընկերությունն օգտագործում էր Ուկրաինայից ներմուծվող տրանսֆորմատորային բարձրորակ յուղը, իսկ ներկայում օգտագործվում է ռուսականը, որը թանկ է եւ անորակ: Բացի դա, տեղեկություն կա, որ տրանսֆորմատորային յուղը ՀԷՑ մասնաճյուղերում, հատկապես գյուղական շրջաններում, գողանում են, այն վաճառելով գյուղացիներին: Տրանսֆորմատորային յուղը գյուղացիներն օգտագործում են որպես վառելիք: Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլում շրջանառվում է վարկած, որի համաձայն՝ «Ցանցերի» վատ ֆինանսական վիճակը չափազանցված է, որ չի կարող սնանկանալ մի ձեռնարկություն, որն արտադրում է ամենամեծ պահանջարկ ունեցող «ապրանքը», որն ամբողջությամբ սպառվում է, եւ ընկերությունն արհեստական սնանկացման տանելու նպատակ կա: Դրանից հետո այստեղ որեւէ խոշոր գնորդ առողջացման ծրագիր կիրականացնի, ինչը հնարավորություն կտա բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: «Ցանցերի» հնարավոր գնորդների թվում նշվում էր «Ռոսնեֆտ» ընկերությունը, ինչը ՀԷՑ-ը հերքեց: Առավել հնարավոր հավակնորդն այս պահին «Գազպրոմն» է, թերեւս որին հանձնելու համար էլ ձեռնարկել են ներկայում «Ցանցերում» իրականացվող ֆինանսական ստուգումներն ու հաշվառումները:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը