«Փողոցում կանգնած եզդին» էթիկայի հանձնաժողովի նորընտիր նախագահ Հովհաննես Սահակյանի մոտ է՞լ է «անմակարդակ մարդու» ասոցացիաներ առաջացնում. երեկ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստից հետո մեր հարցին պատգամավորը հրաժարվեց պատասխանել, ասաց, թե պահում է էթիկայի նորմերը եւ «կոռեկտ» չի համարում վարույթում գտնվող դիմումի վերաբերյալ բովանդակային հարցերի պատասխանել: Մեր հորդորը, թե դեմ չենք լսել նաեւ Հովհաննես Սահակյանի՝ իբրեւ ՀՀԿ խմբակցության քարտուղարի կարծիքը, պատգամավորին չհամոզեց «ոտնահարել էթիկայի կանոնները»: Հանձնաժողովը, որը տեւական ժամանակ պարապ էր մնացել, երեկ միանգամից երեք դիմում քննեց. երկուսը Հանրապետական խմբակցության երկու պատգամավորներին` Մանվել Բադեյանին եւ Առաքել Մովսիսյանին կամ նույն Շմայսին էին վերաբերում, երրորդը Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիմումն էր:
Էթիկայի հանձնաժողովի նոր կազմը որոշեց 20 օրով հետաձգել «Սինջար եզդիների ազգային միավորում» եւ «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների դիմումի քննարկումը: Դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 13-ին այս կազմակերպությունները դիմել էին հանձնաժողովին եւ պահանջել էին որոշել՝ պատգամավոր Մանվել Բադեյանը էթիկայի խախտում թույլ տվե՞լ է, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին ԱԺ միջանցքում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան Մանվել Բադեյանը վրդովվել էր եւ նետել. «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանա, բայց դուք եք տալիս, իսկականի՞ց ըտենց եք մտածում»: Այս հայտարարությունից հետո եզդի համայնքի ներկայացուցիչները խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել` պահանջելով պատգամավորից իրենց հարգանքով վերաբերվել, նրանք անգամ զուգարանի թուղթ էին բերել եւ առաջարկում էին փոխանցել պատգամավոր Բադեյանին: ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի վերաբերյալ դիմումի քննությունը հետաձգվել է, որովհետեւ հանձնաժողովի նոր կազմը պետք է ուսումնասիրի հանգամանքները, ծանոթանա իրավիճակին եւ նոր միայն որոշում կայացնի:
Դռնփակ կայացած հանձնաժողովի նիստի օրակարգի մյուս հարցը եղել է մի խումբ լրագրողների` Առաքել Մովսիսյանի վարքագծի վերաբերյալ ներկայացրած դիմումի քննությունը, որը վարույթ ընդունվեց, եւ որի մասին նախագահը «կոռեկտ» չի համարում մինչեւ որոշում ընդունելը տեսակետ հայտնել: Հանձնաժողովը որոշել է այդ հարցով զեկուցող նշանակել ԱԺ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանին, որը հանձնաժողովին կներկայացնի համապատասխան եզրակացությունը: Առաքել Մովսիսյանն ԱԺ դահլիճում հայ-ռուսական համաձայնագրերի վավերացման ժամանակ վիրավորել էր դահլիճում ակցիա իրականացրած լրագրողներին` ասելով. «Սրանց ստեղից ս… արեք»: Ի դեպ, սույն պատգամավորի համար այս լեքսիկոնը սովորական կենսակերպի բաղադրիչ է, եւ Շմայս կոչվող օրենսդիրն առաջին անգամ չէ, որ ԱԺ-ն շփոթում է իրենց գյուղի հանդերի հետ: Դժվար է ասել, թե շմայսների եւ բադեյանների համար ինչ-որ հանձնաժողովի որոշում, որը լավագույն դեպքում կարձանագրի, որ պատգամավորը խախտել է էթիկայի նորմերը, ինչ ազդեցություն կունենա, երբ ՀՀԿ-ում նման նախադեպ եղել է, եւ էթիկայի նորմերը խախտած պատգամավորը հանձնաժողովի որոշումից հետո էլ պատվից վեր է համարել ներողություն խնդրելը, նրա փոխարեն դա արել են թիմակիցները: Խոսքը Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի մասին է, ով հարց տալու նպատակով մոտեցած «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին սպառնացել էր՝ ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: Լրագրողից հրապարակավ իրենց կուսակից պատգամավորի փոխարեն ներողություն խնդրեցին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Այս ամենից հետո ի՞նչ իմաստ ունի նման հանձնաժողովի գոյությունը, որը բացի բյուջեի վրա հավելյալ ծախսեր դնելուց, այլ բան չի տալիս, քանի որ հանձնաժողովը պատժիչ գործառույթներ չունի եւ միայն որոշում է կայացնում՝ պատգամավորը խախտե՞լ է էթիկայի նորմերը, թե՞ ոչ»,- հարցրինք էթիկայի հանձնաժողովի ղեկավարին՝ հավելելով. «Ի՞նչ ազդեցություն կարող են գործել հանձնաժողովի որոշումները Շմայսի վրա»՝ մոտավորապես «սեւին սապոնն ի՞նչ կանի» համատեքստում: Սահակյանը հարցադրումը տեղին է համարում։ «Մենք պետք է այնպիսի մի միջավայր ստեղծենք, որ պատգամավորը, երբ մտածի, որ իր հարցը քննվելու է հանձնաժողովում, արդեն իսկ զսպող, կանխարգելիչ մեխանիզմներ կիրառվեն: Մենք եթե կարողացանք դա ապահովել, դա իրականացնել, կարծում եմ՝ նաեւ մեր ամբողջ աշխատանքը հաջողած կլինի»,- ասում է նա, թե ինչպես, ինչ ճանապարհով, այլեւս չի մանրամասնում: Իրականում պարզից էլ պարզ է, որ նորմալ միջավայր ապահովելու համար անհրաժեշտ է ազատվել շմայսներից, բուռնաշներից եւ նմանատիպ խորհրդարանականներից, բայց արի ու տես՝ էթիկայի հանձնաժողովի ղեկավարն այսօրվա խորհրդարանի որակը դեռ մի բան էլ բարձր է համարում նախորդներից. «Եթե մենք փորձենք համեմատել ԱԺ-ն 10 տարի առաջ նույն դրսեւորումների առումով եւ ընդհանրապես բոլոր առումներով եւ մեր ԱԺ-ն նաեւ համեմատենք քաղաքակիրթ պառլամենտների հետ կտեսնենք, որ ոչ միայն խոսքի ազատություն, այլեւ բռունցքների ազատություն կա այլ տեղ»:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը