Թերթը հայտնում է . «Պուտինի այցի ողջ օրն ակտիվիստներին բերման ենթարկող Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մի գլուխ զեկուցում էր՝ «նախարար, հա՝ նախարար»։ Վովային նախարար են ասում համակարգում բոլորը, երբ գիտենք, որ նա իրավաբանորեն համարվում է ՀՀ ոստիկանապետ, և ներքին գործերի նախարարությունը շատ վաղուցվանից նախարարությունից դարձավ նախագահի իրավասության ներքո գտնվող, իսկ դեյուրե՝ կառավարությանն առընթեր ծառայություն՝ մի շարք հայտնի պատճառներով։
Սակայն, մեր հավաստի տեղեկություններով, Վովա Գասպարյանը, որը վերջին շրջանում տքնաջան զբաղված է սեպարատ մարզերը Հայաստանին «միացնելու» սուրբ գործով, ցանկանում է ոստիկանական ծառայությունը և ըստ այդմ նաև իրեն, կրկին միացնել նախարարաց «դասին»՝ հասնել այն բանին, որ կառույցը դառնա նախարարություն, ինքն էլ՝ նախարար։ Եվ այն էլ կարծես թե՝ սուպեր։ Բանն այն է, որ փորձ է արվելու կիրառել արևմտյան. մասնավորապես ֆրանսիական մոդելը, ասել է թե՝ տեղական, մունիցիպալ գործընթացները ևս կանցնեն սույն նախարարության իրավասության ներքո։
Մեր աղբյուրների հավաստմամբ՝ այս առնչությամբ արդեն իսկ պայմանավորվածություններ կան «վերևներում», և չի բացառվում, որ առաջիկայում օրենսդրական նախաձեռնություն լինի՝ «զորավարական նոու-հաուն» կյանքի կոչելուն միտված»: