Վերջերս սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն իր ղեկավարած նախարարությունը Գյումրի տեղափոխելու վարչապետի ծրագրի կապակցությամբ մեր թերթի հետ զրույցում ասել էր. «Օդի մեջ խոսակցություն է, աշխատող չի»: Սակայն Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մեզ հետ զրույցում պնդեց ճիշտ հակառակը. «Ինձ հետ օդի մեջ խոսակցություն չի եղել, լուրջ խոսակցություն էր, ավելի շատ կապված է մշակույթի նախարարության հետ, քան սպորտի, դրանից հետո ես սպասում եմ: Գործնական քայլն էլ այն է, որ տեղեր ենք նայել, էսօր ընթացքի մեջ է, դա փակված թեմա չէ»: Ինչ վերաբերում է աշխատող լինել-չլինելուն, նշեց. «Աշխատող տարբերակ է: Ինչքան մարդ՝ այդքան կարծիք, Գյումրին փոխվելու է, շատ օգուտ է տալու, աշխարհում կա էդ մեծ քաղաքների բեռնաթափման պրակտիկան, իմ կարծիքով, ճիշտ է դա»: Նշենք, որ շուտով կլրանա Ցոլակյանի ղեկավարման մեկ տարին: Հարցին, թե հաջողվե՞լ է երկրաշարժի հետեւանքների վերացման մասով իր լուման ունենալ, Ցոլակյանը գերադասեց այդ մասին ոտքի վրա չխոսել, քանի որ ասելիք շատ ուներ: «Լավ է, նորմալ է, ղեկավարելու խնդիր չկա, բարդ է, որ սոցիալական վիճակն է վատ, քան ուրիշ մարզում, երկրաշարժի հետեւանքները դեռ կան, անօթեւանների խնդիրը, այս մասին երկար պիտի խոսենք»: Ցոլակյանը մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ մարզում կրիմինալ չկա, ամեն ինչ եւ ամեն ոք վերահսկելի է, նույնիսկ՝ Ղուկասյանները:
Գրում է <<Հրապարակ>> օրաթերթը