տուն Լուրեր «Հրապարակ». Մտանք սանկցիաների փուլ

«Հրապարակ». Մտանք սանկցիաների փուլ

85
0

Հրապարակ

Ամենաբարդը, անշուշտ, լրատվամիջոցների վիճակն է՝ ինչ գրես, ինչպես գրես, որ մի քանի ժամից չհերքվի: Պատահական չէ, որ իրավիճակի վերաբերյալ, թվում է, ամենատեղեկացված՝ ՀՀԿ-ին մոտ կանգնած կայքերից մեկը երեկ «շտապել» էր ու Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելու մասին լուրը դրել շրջանառության մեջ: Բայց բանը ոչ թե միտումնավոր ապատեղեկատվություն տարածելու կամ շտապելու մեջ է, այլ նրանում, որ որոշում կայացնողների մոտ էլ հստակություն չկա: Բանակցությունները կամ անարդյունավետ են անցնում, կամ մի բան պայմանավորվում են, ապա ամեն ինչ փլվում է՝ լուցկու հատիկներից կառուցած տնակի նման: Այնպես որ, սիրելի ընթերցող, ներողամիտ եղիր, եթե մենք չենք կարողանում բավարարել տեղեկացված լինելու եւ հատկապես ճշգրիտ տեղեկատվություն ստանալու քո պահանջները: Հիմա փորձենք վերլուծել իրավիճակը: Նախագահի մոտ երեկ տեղի ունեցած կոնսուլտացիաները, ըստ ամենայնի, անարդյունք են ավարտվել: ՀՅԴ-ն շատ զուսպ արտահայտվեց դրանց մասին՝ հասկացնելով, որ ոչինչ չեն պայմանավորվել: ԲՀԿ-ական շրջանակներն ասում են, որ Ծառուկյանը մեծ պահանջներ է դրել: ՀՀԿ-ականները պնդում են, որ պահանջներ դրել է Սերժ Սարգսյանը: Ամեն դեպքում՝ համաձայնության չեն եկել: Եվ երկուստեք անցել են «սանկցիաների» կիրառման. Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում չի հրապարակել Հովիկ Աբրահամյանի անունը, Ծառուկյանը շտապել է հանդիպման Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի հետ: Երկուստեք միմյանց ժամանակ են տվել՝ կամ կհամաձայնես իմ պայմաններին, կամ կլինի առճակատում: Եթե ԲՀԿ-ի կողմից առճակատումը կարտահայտվի ապագա կառավարության բոյկոտով ու հրապարակ դուրս գալով, ապա նախագահի կողմից՝ ԲՀԿ-ին ոչ հաճելի անձի վարչապետ նշանակելով: Հետեւենք դեպքերի ընթացքին:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը