տուն Լուրեր «Հրապարակ». Մենք և մուսոնները

«Հրապարակ». Մենք և մուսոնները

72
0

Հրապարակ

Գլխավոր խմբագիրս երեկ մի քիչ նեղվել էր: Բա ի՞նչ աներ: Օրացույցի վրա արդեն հուլիսի 1-ն էր, իսկ գծերը չէին քաշվել: Ոչ Սերժ Սարգսյանն էր տեղից շարժվել, ոչ էլ Հովիկ Աբրահամյանը, որ իրենց ասած գծերը քաշեին: Իսկ մենք այդ գծերին սպասում էինք, չէ՞: Հուլիսի 1-ին բոլորս պիտի լոնք անեինք ու հոպ` հայտնվեինք Եվրասիական տնտեսական միությունում: Հիմա հարցնում եմ` կա՞ մի ՀՀ քաղաքացի, որ արդեն ԵՏՄ-ում է: Չկա: Ուրեմն լոնք չենք արել, հոպ չենք արել, գիծը չենք անցել: Գիծ, ինքնին, չկա էլ: Գլխավոր խմբագիրս ասում է` քամի են արել:

Իսկ որեւէ ՀՀ քաղաքացի, Հովիկ Աբրահամյանի ասած` ստվերից դուրս եկե՞լ է: Ավելին, ՀՀ որեւէ քաղաքացի լսե՞լ է, որ մեկ այլ ՀՀ քաղաքացի, մանավանդ օլիգարխ, ստվերից դուրս է եկել այս օրերին: Ոչ մի դեպք չի արձանագրվել, ԱԻՆ-ում ոչ մի ահազանգ չի ստացվել, թե՝ հասեք, այսինչ օլիգարխը դուրս է եկել ստվերից, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Սրանք փաստեր են, որոնք խոսում են այն մասին, որ ստվերահանությունը նույնպես քամի է:

Քամիներն առհասարակ շատացել են: Երեւանում քամուց քանի տանիք պոկվեց, քանի ծառ ջարդվեց: Մի թիթեղի կտոր էր ընկել հարեւանիս նախաանկախական շրջանի «Մոսկվիչի» վրա: Գնացել է փոխհատուցում պահանջելու: Ասել էին` Շմավոն, քամի ես անում: Մի խոսքով, իրենք Շմավոնից ավելի ուժեղ էին քամի արել ու ճանապարհ դրել` ինչ ԱՊՊԱ, ինչ բան:

Գյուղ տեղերում քամիները սովորաբար բարձրանում են կարկուտից հետո, երբ բերքը ջարդված-վերջացած է լինում: Մի քանի հոգի գալստուկով-բանով գնում են գյուղ, իբր վնասը չափագրելու, բայց ոչինչ էլ չեն անում փոխհատուցելու ուղղությամբ: Այսինքն, այնպես էլ չի, որ բացարձակապես ոչինչ չեն անում: Մի բուռ սերմ են տալիս, մի քանի կարեկցանքի խոսք ասում գյուղացուն ու ճանապարհում: Ասել է` քամի են անում:

Վերջերս մի հետաքրքիր դեպք է գրանցվել գյուղոլորտում, համարյա` փոթորիկ: Տիգրան Սարգսյանի ողորմածիկ կառավարությունը, արտեզյան ջրերի օգտագործումն իբր կանոնավորելու նպատակով, ահագին փող էր ծախսել ու փակել  բազմաթիվ հորեր, որոնք որոշ չափով մեղմում էին ոռոգման ջրի պակասը: Դրա արդյունքը եղավ այն, որ երկրի շտեմարանը զրկվեց ջրից: Հովիկ Աբրահամյանն էլ եկավ ու ասաց, որ նոր հորեր պետք է փորել, ու կրկին փող դուրս գրեց, բայց արդեն հակառակ գործողությունը կատարելու համար: Այստեղ ի՞նչ գիծ քաշես: Առանց գծի էլ` քամի է, փողի քամի:

Քամիների տեսակները, առհասարակ, մեզանում շատ են: Գազի քամի, հոսանքի քամի, ջրի քամի, թոշակի քամի, աշխատավարձի քամի, արտաքին եւ ներքին քաղաքական քամիներ: Կարելի է այս շարքը երկար շարունակել` բանակի քամի, գյուղի քամի, տրանսպորտի քամի, իրավապահ քամի, փոքր ու միջին բիզնեսի քամի, մեկ առանձին վերցված նախարարի քամի, մշակույթի քամի, Սփյուռքի քամի, թուրքաքամի, ալիեւաքամի, վերջապես` ընդդիմադիր քամի: Հետո էլ ասում են` Բաքուն է քամիների քաղաք, որտեղ երկու օրը մեկ դրոշ են փոխում: Բավական է, սակայն, Արտաշես Գեղամյանը հայտնվի Բաքվում, ու տեղական բոլոր քամիները դադարում են եւ սկսում են փչել հայկական քամիները: Գեղամյանն օրերս իմաստնություն ունեցավ Ադրբեջանին առաջարկել` Հայաստանի եւ Ղարաբաղի հետ մտնել Եվրասիական տնտեսական միություն: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող` խելոք բան է առաջարկել, սակայն ադրբեջանցիները, չգիտես ինչու, չեն համաձայնել եւ, փոխանակ շնորհակալություն հայտնելու Գեղամյանին, նրանից Արցախի երեք շրջան են պահանջել: ԺցՐՊՏՎ!!! Կարող ենք արձանագրել` մենք նույնիսկ Բաքվում առանց քամի անելու յոլա չենք գնում:

Օրերս, իսկ ավելի ստույգ` նախագահ Սարգսյանի ծննդյան օրը, քամու նոր տեսակ էր հրապարակ եկել: Սերժ Սարգսյանի անունով մի քանի խնդրագիր էր ստացվել` պաշտոնը թողնելու եւ գլուխը բարձր պահած հեռանալու առաջարկով: Այդ խնդրագրերի հեղինակների նպատակները, ինչ խոսք, վեհ են, բայց արածները` սովորական քամի, որովհետեւ Սերժ Սարգսյանն առանց պաշտոնը թողնելու էլ գլուխը միշտ բարձր պահած է քամի անում, ներողություն, նրա դեպքում պետք է ասեինք` հողմաղացներ պտտում: Ի դեպ, քամու շատ տեսակներ են կապված նրա անվան հետ: Սկսած թուրքաքամուց, վերջացրած եվրա եւ պուտինաքամիներով: Մեկ ուրիշը կհոգներ ու հայտարարություն կտար` «պահանջվում է քամի անող»: Տիգրան Սարգսյանն էր լավ քամի անում, էն էլ գնաց Ամերիկա` դեսպան: Կկարողանա՞ Հովիկ Աբրահամյանն այդ սուրբ տեղը դատարկ չթողնել: Առայժմ, կարծես, կարողանում է: Իսկ եթե սկսի տեղապտույտ տալ, միշտ էլ կարելի է նրան որեւէ երկիր ուղարկել` դեսպան:

Վերջացնեմ: Համակարգչային երկու էջը հենց անցնում եմ, գլխավոր խմբագիրս ասում է` արդեն քամի ես անում: Բայց, հավատացեք, քամու թեման մեզանում ամենաակտուալն է այսօր: Պետք է քամիներին դիմակայելու ձեւեր գտնել: Մեր հարեւան Շմավոնը, որի «Մոսկվիչի» վրա քամու բերած մի թիթեղ էր ընկել, իմ խորհրդով դադարեց պատկան մարմինների դռները ծեծել եւ նրանց քամիների տակ ընկնել: Ես նրան ասացի` Շմավոն ջան, կարեւորն առողջությունն է, որ ոչ մի գնով հետ չես բերի: Լավ է թիթեղը քո գլխին չի ընկել` ասացի: Եվ, պատկերացրեք, նա անմիջապես որսաց խոսքերիս փիլիսոփայական խորքը, որն անշուշտ իր մեջ քամու որոշակի չափաքանակ նույնպես պարունակում էր:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը