Այս ինչ ցավ է պատել հայրենի օրենսդիրներիս՝ մամուլի դաշտը կարգավորելու, բարելավելու, մամուլին աջակցելու ցավը: Երեկ Ազգային ժողովում սկսեցին քննարկել «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի հեղինակները մի խումբ ՀՀԿ-ականներ են: Փոփոխության իմաստն այն է, որ երեկոյան ժամերին՝ ժամը 22:00-06.00-ն ընկած ժամանակահատվածում հեռուստատեսությունը հնարավորություն ստանա ցուցադրել ալկոհոլային խմիչքների գովազդ: Բացատրությունն այն է, որ դա կնպաստի «հեռուստատեսությունների ֆինանսական ինքնաբավությանը, ֆինանսական կայունությանը, հետեւաբար նաեւ հեռուստատեսության որակի բարձրացմանը»: Փաստորեն, մեր օրենսդիրները շատ անհանգստացած են հեռուստատեսության «ինքնաբավությամբ» եւ «կայունությամբ»: Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ նման մտահոգություն չունեն տպագիր մամուլի նկատմամբ, որի ֆինանսական վիճակը շա՜տ հեռու է բավարար եւ կայուն լինելուց: Այս խտրականության պատճառը ո՞րն է: Բայց սա մամուլին վերաբերող միակ օրինագիծը չէ, որն ԱԺ օրակարգում է: Մյուս օրինագիծը վերաբերում է համացանցում վխտացող «ֆեյքերին» եւ հայհոյանքներին, որը սանձելու գործընթաց է նախաձեռնել ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված նախաձեռնող խումբը: Սա եւս մամուլի դաշտը կարգավորելու փորձերի շարքում է: Բայց ամբողջ բանն այն է, որ օրինագծի նախաձեռնողները Ֆեյսբուքում ամենից շատ «ֆեյքեր» պահող կուսակցությունների ներկայացուցիչներն են, նրանց մեջ անգամ անձնական «ֆեյքեր» պահողներ կան: Բացի այդ՝ սրանց ազդեցության տակ գտնվող կայքերն ամենից շատ են օգտվում ֆեյսբուքյան հայհոյախառն գրառումներից: Փոխանակ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գային, ընդամենը պետք է իրենք իրենց արգելեին հայհոյանք ու վիրավորանք շաղ տալ:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը