տուն Լուրեր «Հրապարակ». Ձեռք ձեռքի տված

«Հրապարակ». Ձեռք ձեռքի տված

77
0

Հրապարակ

Մի քանի օր առաջ Մոսկվայի մետրոյի աղետն էր, որը մարդկային կյանքեր խլեց, շատերին էլ հաշմանդամ սարքեց: Դրանից ավելի առաջ ռուս-վրացական, հետո՝ ռուս-ուկրաինական պատերազմներն էին, վերջինը դեռ շարունակվում է՝ նորանոր մարդկային զոհերի պատճառ դառնալով: Նախօրեին էլ պարզ դարձավ, որ միջազգային հանրույթն ընդլայնում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկն ու դրանց ենթակա ընկերությունների եւ անհատների ցուցակը: Իսկ երեկ էլ լուր ստացանք, որ Ռուսաստանի սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա, Ուկրաինայի օդային տարածքում աղետի է ենթարկվել Մալազիական ավիաուղիների մարդատար «Բոինգը», որի մեջ եղել է 295 մարդ: Մինչ տարբեր վարկածներ էին հնչում, թե ինչը կարող էր աղետի պատճառ հանդիսանալ, համացանցում տարածվեց մի ռուս «ահաբեկչի» ֆեյսբուքյան գրառումը, որը հպարտորեն հայտարարել էր, թե Տորեզի շրջանում  ԱՆ-26 են խփել, եւ հեգնել էր. «Զգուշացրել էինք, չէ՞. մի թռեք մեր օդում»: Գրառումին կից լուսանկարն ու ժամը համընկնում էին մալազիական օդանավի աղետի տվյալների հետ: Եվ չնայած կատարվածից անմիջապես հետո ռուսական լրատվամիջոցներն սկսեցին հերքել, որ ինքնաթիռը ներքեւից է խփվել, իսկ Պուտինն էլ ցավակցություն հայտնեց Մալազիայի վարչապետին, բայց ռուսական «հետքի» մասին խոսակցությունները գնալով տարածվեցին ու համոզիչ դարձան: Իհարկե, առաջիկա օրերին հետաքննություն կարվի, եւ սեւ արկղերի պարունակությունը շատ բան կհաղորդի կատարվածի մասին, բայց այն, որ Ռուսաստանի շուրջ «խավարը» խտանում է, անառարկելի է: Այս պետության ներսում, նրա շուրջ, նրա նկատմամբ չարաղետ մի իրավիճակ է ձեւավորվում, եւ նրան հարողները եւս կարող են այդ կրակե «լավայի» տակ մնալ, եթե խելացի չլինեն եւ նախազգուշական միջոցներ չձեռնարկեն:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը