Մոտ 20 օր նոր կառավարության նշանակմանը շնչակտուր սպասող հայ հասարակության սպասելիքներն ակնհայտորեն չարդարացան: Մնաց 2 նախարար՝ գյուղատնտեսության եւ սպորտի նախարարները, կաբինետն արդեն գրեթե ամբողջությամբ ձեւավորված է: Ի՞նչ կարող ենք ասել այս կապակցությամբ: Այդ կաբինետում տեղ գտած անձանց մի մասը քոչարյանական կադրերն են, որոնց դժվար է պրոֆեսիոնալներ կոչել, ուստի նշանակումներն ավելի շուտ քաղաքական են, քան ոլորտների շահով թելադրված: Մյուս մասը ծերացած, հնամաշ՝ բարոյական եւ ֆիզիկական առումով իրենց սպառած կադրերն են, որոնց գոյության հետ որեւէ փոփոխություն պայմանավորելը պարզապես կնշանակի հավատալ հրաշքներին: Նորանշանակներից մի քանիսը մեր երկրում հայտնի են որպես ամենակոռումպացված ու տարբեր մութ պատմությունների մեջ ներգրավված անձինք, որոնք մթնոլորտն առողջացնելու փոխարեն հաստատ ավելի կփչացնեն: Եվ, վերջապես, այս նշանակումների մի մասը, թելադրված լինելով քաղաքական ընդդիմախոսների կողմից, խոսում է այն մասին, որ այս երկրում որոշումներ կայացնողն ու թելադրողը ոչ թե հասարակությունն է, այլ քրեաօլիգարխիկ շրջանակները, սեփական ընտրազանգվածը կորցրած կուսակցությունները, կասկածելի հեղինակություն եւ էլ ավելի կասկածելի կապեր ունեցող անհատները: Սերժ Սարգսյանի թիմակիցները պնդում են, որ սա «շախմատային» բարդ խաղի առաջին արարն է, եւ մենք բոլորս շուտով ականատես կլինենք նոր՝ մեզ բոլորիս զարմացնող ու բավարարող զարգացումների: Սակայն այս հեքիաթներին հավատալու հիմքեր դեռեւս չեն նշմարվում: Ավելին՝ նոր կառավարության ձեւավորումով ոչ միայն հասարակական հույսը, այլեւ մի կարեւոր պրոցես էլ մարեց՝ քաղաքական դաշտում տեղի ունեցող կոնսոլիդացիայի պրոցեսը, ինչն անշուշտ օգտակար էր ու խոստումնալից:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը