տուն Լուրեր «Հրապարակ». Հերմինե Նաղդալյանի պատկերացումները գարնանային սրացումների մասին

«Հրապարակ». Հերմինե Նաղդալյանի պատկերացումները գարնանային սրացումների մասին

69
0

Հրապարակ

Ազգային ժողովի այս քառօրյան ընթանում է հանձնաժողովային տաղտուկ քննարկումներով: Արդեն նիստի առաջին ընդմիջումից հետո դահլիճում մնում է աշխատավոր դասը՝  ոչ իշխանական ուժերի այն պատգամավորները, ովքեր հանձնաժողովների ստեղծման նախաձեռնության հետ մեծ հույսեր են կապում, ու մի քանի ընդդիմախոս ՀՀԿ-ական:  Իշխանությունների հին ու նոր մեղքերի հետքերով 3 հանձնաժողովի նախաձեռնություն կար օրակարգում. սկզբում ավարտին հասցվեց կիսատ մնացած գազի հանձնաժողովի հարցը, ապա «Նաիրիտի» թեման շոշափվեց, եւ վերջում Մարտի 1-ի բացահայտման, որը կիսատ մնաց ու շարունակվելու է այսօր: Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց այն ստեղծելու անհրաժեշտությունը, որը, ըստ իրեն, նախորդ հանձնաժողովի հետ աղերս չունի. «Այս անգամ շատ սահմանափակ խնդիրներ են դրվել, փաստահավաք ֆունկցիա չի իրականացնելու այս հանձնաժողովը, խնդիրն է՝ գնահատական տալ հետաքննական, նախաքննական մարմինների ու Գլխավոր դատախազության կատարած գործողություններին ու կայացրած որոշումներին այդ քրեական գործի շրջանակում»: Ջհանգիրյանը չզլացավ՝ հիշեցրեց ողբերգությունն իր մանրամասներով, որ իր ներկայիս դաշնակից ուժերից ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն օբյեկտիվ աչքերով նայեն անցյալի արյունոտ էջին: Թեման սկսեց քննարկվել. նորաթուխ երիտԲՀԿականները՝ Տիգրան Ուրիխանյանն ու Վահան Բաբայանը, ովքեր մարտի 1-ի դեպքերի ժամանակ այս թեմայի մասին խոսելու համարձակություն անգամ չունեին, այլմոլորակայինների կեցվածքով սկսեցին հարցեր ուղղել: Հարցնում էին, թե նոր հանձնաժողովով քանի՞ հոգու սպանություն կբացահայտեն, կամ՝ այդ օրը ոստիկանների գործողությունները որքանո՞վ էին իրավաչափ: Հետո խոսակցության մեջ ներգրավվեց իշխող մեծամասնության «վերնախավը», որը խաղաղ ցուցարարների սպանդի բացահայտման պահանջը, ոչ ավել ոչ պակաս, համարում է գարնանային սրացումների արդյունք: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այդ մասին մանրամասնեց մեզ հետ զրույցում. «Անընդհատ նույն հարցադրումներն են, որտեղ մեղադրանք ու արյուն կարող է լինել, որտեղ սրացման դիրքորոշում կա, մենք հասկանում ենք, որ դիմացը գարուն է, հետեւում բավականին քաղաքական ժամանակահատված է եղել, որի ընթացքում կորուստներ են տվել, հողն իրենց ոտքերի տակ դողում է մի քիչ, եւ դա մենք տեսնում ենք, ու գարնանային սրացումները դրանով են բացատրվում»: Կողմ կքվեարկե՞ն  ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին: «Անկեղծ ասած, մտահոգվելու բան մենք չունենք, ազնիվ, ակտիվ ու անկեղծ ձեւով նախաձեռնել ենք հանձնաժողովների աշխատանքը, այդ թվում մարտի 1-ը՝ ուժերի ներածի չափով ու մեր մասնակիցների ակտիվ մասնակցությամբ: Հնարավոր բոլոր փաստերը համադրելով՝ փորձել ենք գալ մի եզրակացության, որոնք կլինեն հասարակության սպասելիք հարցերի պատասխանները: Մենք այդ հանձնաժողովին եւ ոչ էլ մեկ այլի չենք մոտեցել այնպես, որ այն քաղաքական բաղադրիչ է, խաղ է կամ  քաղաքական շոու է: Այսօրվա հանձնաժողովի նախաձեռնողների մի զգալի մասը նախկին հանձնաժողովի անդամներ են եղել, այնպես չէ, որ օգուտ չտվեց: Դաշնակցությունը տվել է իր հատուկ կարծիքը, որը հայտնի է»: ԲՀԿ-ի շահագրգռվածության մասին խոսեց քմծիծաղով. «Ես կարծում եմ, որ իրենց մոտ իրավիճակ է փոխվել, քաղաքական մտադրություններ, տրամադրություններ…»: Անկախ մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի տրամադրվածությունից ու կամքից, Նաղդալյանի հույսն իրենք են՝ «մեծամասնությունը». «Այսօր այս խորհրդարանում մեծամասնություն կա, եւ այն ամուր է ու ունի քաղաքական կամք ու գործում է քաղաքական կամքի ու հանրության պահանջների անհրաժեշտությանը համապատասխան»: Տիկին փոխնախագահն ակնարկեց, թե այս քննարկումն «ինտրիգներով է ընթանալու», եւ պետք է ավելի ուշադիր հետեւել դրան: Կհետեւենք, ինչպես նաեւ՝ ՀՀԿ վարքին:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը