տուն Լուրեր «Հրապարակ». Հարցազրույց Սամվել Շահինյանի հետ

«Հրապարակ». Հարցազրույց Սամվել Շահինյանի հետ

120
0

Հրապարակ15

88-ի Արցախյան շարժման ակունքներում մի շարք անհատներ էին կանգնած, որոնք հետագայում ներդրում ունեցան նաեւ ազատամարտի, օրենսդիր մարմին ձեւավորելու, անկախ պետություն ստեղծելու ասպարեզում՝ լինելով հարթակում, մարտադաշտում եւ առաջին գումարման Գերագույն խորհրդում։ Այդ մարդկանց մի մասը ֆիզիկապես չկա, մյուսները մղվել են ետին պլան՝  դուրս մնացել քաղաքական ու հասարակական կյանքից, եւ նրանց անունը նոր սերնդին գրեթե ոչինչ չի ասում։ Նրանցից մեկը Սամվել Շահինյանն է։ Նա մասնագիտությամբ երկրաբան-երկրաֆիզիկոս է: Եղել է ՀՀ ԳԽ բնության պահպանության եւ բնական պաշարների մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ, «Ազգային պետություն» կազմակերպության նախագահ: Հայտնի քարանձավագետ է, քարանձավների պահպանությամբ է զբաղված: Քանի որ փետրվարը 88-ի շարժման մեկնարկի ամիսն է, որոշեցինք այդ թեմայով զրուցել Սամվել Շահինյանի հետ:

— 26 տարի առաջ սկսվեց Արցախյան շարժումը, որը մենք որակում ենք համազգային զարթոնք։ Նման համախմբում միշտ չէ, որ ունենում են ազգերը։ Ո՞րն էր 88-ի ֆենոմենը։

— Ֆենոմեն չկար, նման բան չկար Սովետում։ Ֆենոմենը ես էի, Հայրիկյանն էր, էն առաջին հայրենասերներն էին, որ գնացին նստեցին։ Շարժումն իրականում 87-ին է սկսվել, երբ Կոմկուսում, Գորբաչովով, սկսեցին ստորագրահավաք անել տարօրինակ մի հանգամանքի հետ կապված, թե Շահումյանն ինչո՞ւ է թուրքական։ Պարզ չէ՞ր. թուրքական էր, որովհետեւ Ադրբեջանի տարածքում էր։ Հետո ինձ է դիմում Խաչիկ Ստամբոլցյանը, թե դու կմիանա՞ս մեր էկոլոգիական շարժմանը։ Ասում եմ. Խաչիկ, դու ուր, էկոլոգիան ուր, ասում է՝ հիմա ես դրանով եմ զբաղվում։ Լսիր, ասում եմ, ես երկրաբան եմ եւ էկոլոգիան չգիտեմ ինչ բան է, դու «էկոլոգիա» բառն ինձ բացատրի, միանամ։ Ասում է՝ դե ի՞նչ կարեւոր է, կարեւորը՝ էս պետությունը դուրդ գալի՞ս է, թե՞ չէ։ Ասում եմ՝ չէ, եւ ես դա վաղուց եմ ասել։ Խաչիկ Ստամբոլցյան, քեզ ո՞վ է դրդել դրան, ո՞վ է քեզ ֆինանսավորել, որ դու բուդդիստից հանկարծ դարձար հայ քրիստոնյա, էդ հերիք չի, հիմա էլ դարձել ես էկոլոգիական շարժման ղեկավար։ Անցավ։ Մյուս օրը նույն սրճարանում ինձ հանդիպում է Սամսոն Ղազարյանն ու նույն հեքիաթն է պատմում։ Այդ շարժումն անհրաժեշտ էր, որ փրկեինք մյուս ժողովուրդներին, դա մենք մեզ չենք փրկել, մյուս ժողովուրդներին ենք փրկել, օրինակ, ղազախ ժողովուրդ ձեւավորվեց։

— Այդուհանդերձ կար, չէ՞, մի շատ կարեւոր բան, որ մեզ ազգովի հանեց հրապարակ։

— Մարդիկ մեծ հիստերիայի մեջ էին Սովետից, որովհետեւ չես պատկերացնի ավելի մեծ գորշություն, քան հոմոսովետիկոսն էր։ Ես նողկում էի այդ երկրից, որտեղ իմ հայրենիքն էր տեղադրված։ Զզվանքս գալիս է, որ հիշում եմ այդ երկիրը, բայց հիմա, որ նայում եմ՝ է՞ս ստեղծեցինք։ Սրա՞ն եմ հասել, է՞ս էր իմ նպատակը։ Ավելի լավ է ողնաշար չունենաս, քան ողնաշար ունենաս եւ գնաս ու մեռնես ամեն օր։

— Բայց մենք այդ ժամանակ կարծես մի մարմին էինք ու մի օրգանիզմ, հենց այդ համաչափությամբ էլ շնչում էինք։

— Էդպես չի։ Բոլորն անխտիր՝ թե հանցագործը, թե պետական չինովնիկը, թե բոմժը, թե ինտելեկտուալը հոգնել էին, հոգնել էին ճահճից։ Խնդիրը ճահիճն էր, պարզապես չգիտեինք, թե ուր ենք գնալու։ Իսկ այսօր հայ ազգը (խոսքն ազգի մասին է, ոչ թե ժողովրդի, ժողովուրդը միշտ էլ կառավարելի է) չունենա նպատակ, միշտ նպատակ է, չէ՞, ունեցել։ Այսօր ազգս նպատակը կորցրե՞լ է, մոռացե՞լ է, որ ինքը նպատակ ունի։ Ուծացել ենք։

— Իսկ հնարավո՞ր է այսօր նման շարժում սկսել Հայաստանում, գոնե մոտավոր կրկնել։ Նկատի ունեմ այն զանգվածային շարժումը եւ անկոտրում ոգին, որ կար 88-ին, ի՞նչ է այսօր մեզ պակասում։

— Ուրեմն հիշեք, ցանկացած շարժում չպետք է ատելության հողի վրա լինի, իսկ հիմիկվա շարժումն ատելության հողի վրա է, ասում է՝ սպանենք։ 88-ին մի մարդու մազ չպիտի պակասեր, իսկ այսօր ասում են՝ սրան սպանենք, նրան սպանենք, վռնդենք: Խի՞։ Ի՞նչ պատահեց, որ դարձան թշնամի։ Իսկ նման շարժում սկսելու համար անհրաժեշտ է նախ անգրագիտությունը վերացնել։ Ես չէ, Նժդեհն է ասել. ընդամենը 1000 կիրթ մարդ է պետք այս երկրին, ու վերջ, երկիրդ ոտքի է կանգնելու։ Անգրագետ են, մի նայի իրենց կոչումներին, անգրագետ են՝ կյանքը չգիտեն, ոչինչ չգիտեն։

— 88-ին այդ մարդկանց ուսերին դրված էր պետություն ստեղծելու առաքելությունը, որ, ահա՝ մենք մեր պետություն ենք ստեղծում։ Պատմական հնարավորություն էր մեզ տրված, բայց ստեղծեցի՞նք պետություն։

— Մենք պետություն ստեղծեցինք, բայց իշխանություն չստեղծեցինք, որովհետեւ իշխանությունը սկսեց ստեղծվել շատ տարօրինակ մարդկանցով, մարդիկ, ովքեր վախենում էին իրենց կաշվի համար, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյան։ Ուրեմն, հետեւություն՝ մենք պետություն չստեղծեցինք։ Այսօրվա երիտասարդությունն ավելի լավն է, քան մենք, որովհետեւ մենք հոմոսովետիկոս էինք, սրանք ազատ սերնդի ներկայացուցիչ են, բայց խելագար են. սրանք կամ կստեղծեն, կամ կկործանեն։ Ինչ ուզում են՝ թող անեն, աստված թող իրենց տա բարի ճանապարհ. բարու ճանապարհով, չարի ճանապարհով գնան չգնան։ Եվ կարող են, իրենք ի վիճակի են։

— 22-23 տարի անց, այսօր կրկին վտանգված է մեր անկախությունը, Մաքսային միություն մտնելով՝ կորցնում ենք այս փխրուն, դեռեւս մեր գիտակցության մեջ չձեւավորված անկախությունը։ Այդքան կա՞րճ պիտի տեւեր մեր երկար երազած անկախությունը։

— Կամ պետություն ես, կամ պետություն չես, էս ի՞նչ խաղեր ես խաղում. Պուտինին էլ թվում է, թե ինքը շահե՞լ է։ Հայը երբեք էլ չի ուզեցել անկախ ապրի, երբեք, ոչ ընտանիքում, ոչ դրսում, ինքը միշտ անկախ է եղել, գնա Լոս Անջելես, Հնդկաստան, տես՝ հայն անկախ չի՞, անկախ է, թքած ունի օրենքների վրա, ինքն իր օրենքներով ապրում է։ Բայց ամենամեծ ողբերգությունն այն է, որ ազգ չենք դառնում, մնում ենք ժողովուրդ։ Շահամիրյանների տառապանքն ինչի՞ համար էր, հեր ու տղա տառապեցին, որ ստեղծեն Սահմանադրություն, երբ աշխարհում հսկայական կարողություն ունեին, հասկացան, որ իրենց պետություն է պետք։ Մենք անկախ ենք, խնդիրն այն է, որ ուզո՞ւմ ենք ազգ ստեղծել, թե՞ ոչ։ Չենք ուզում, էդ է փորձանքը. ես եմ ուզում, բայց իմ նմանները քիչ են։ Դուք չեք ուզում, ուզում եք ըսենց գնչու ժողովուրդ լինեք, խաբելով ման գաք։ Ոչ ոք չի քշում Մաքսային միություն, արդեն իդեա չունեք, հոգնել եք, մեռնում եք։

Գրում է <<Հրապարակ>> օրաթերթը