Երեկ «Հայկական ժամանակը» գրել էր, որ Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանն անձնական օգտագործման համար 600 հազար դոլար արժողությամբ զրահապատ ավտոմեքենա է ձեռք բերել։ Ավտոմեքենան Lexus մակնիշի շքեղ ամենագնաց է՝ LX 570 մոդելի, որի ստանդարտ տարբերակի գինը Lexus-ի հայաստանյան ավտոսրահում կազմում է 150 հազար դոլար։ Մինչդեռ զրահապատելուց հետո մեքենայի գինը բազմապատկվում է, այնպես որ, միանգամայն իրատեսական է զրահապատ Lexus-ի համար վճարած այդ գինը, որը շրջանառվում է գյումրեցիների կողմից։
Գյումրու քաղաքապետերից Վարդան Ղուկասյանը նույնպես շրջում է զրահապատ մեքենայով, այս դեպքում՝ BMW մակնիշի 7-րդ սերիայի ներկայացուցչական սեդանով։
Հայաստանում էլի կան պաշտոնյաներ կամ գործարար աշխարհում հայտնի անձինք, որոնք զրահապատ մեքենաներով են շրջում։ Հավանաբար, իրենց կյանքի նկատմամբ ոտնձգությունների շատ պատճառներ կան, եւ փորձում են այսկերպ ապահովագրել իրենց: Այդ անձանցից մեկն էլ Սամվել Բալասանյանի կուսակցության՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ով, մեր տեղեկություններով, դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ ձեռք էր բերել զրահապատ Mercedes-Benz S-Class մոդելի շքեղ ներկայացուցչական սեդան՝ մոտ 800 հազար դոլար արժողությամբ։ Վերջերս էլ, երբ արդեն պաշտոնապես վաճառքում հայտնվեց Mercedes S-Class-ի վերջին սերնդի մեքենան՝ 2013 թվականի արտադրության, Ծառուկյանը, ըստ մեր տեղեկությունների, ձեռք է բերել այդ մեքենայից միանգամից 2 հատ, յուրաքանչյուրը՝ մոտ 300 հազար դոլար արժողությամբ։
Այս ամենի իսկությունը ճշտելու համար կապվեցինք Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ։ Վերջինս մեզ ասաց, որ պարոն Ծառուկյանն իսկապես ունի զրահապատ ավտոմեքենա։ «Ինչպես շատ ու շատերը Հայաստանում, այնպես էլ պարոն Ծառուկյանը, այո՛, ունի զրահապատ մեքենա»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը, սակայն, ավտոմեքենայի մակնիշի, մոդելի այլ մանրամասներին ծանոթ չէ։
Հարցին, թե հաճա՞խ է պարոն Ծառուկյանը շրջում զրահապատ մեքենայով, մամուլի խոսնակն ասաց, որ հիմնականում չի օգտագործում այդ մեքենան։ Ինչ վերաբերում է վերջին ամիսներին նոր սերնդի Mercedes S-Class մոդելի երկու թանկարժեք սեդան ձեռք բերելուն, Իվետա Տոնոյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի ունեցած գույքը, այդ թվում՝ ավտոմեքենաները, հայտարարագրված են։ «Այնտեղ մեր բոլոր մեքենաների մասին տեղեկատվություն կա։ Բայց կոնկրետ Ձեր նշած մոդելի մասին որեւէ բան չեմ կարող ասել, նման տեղեկատվություն չունեմ»,-ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակը։
Վահե
ՄԱԿԱՐՅԱՆ «Հրապարակ» օրաթերթ