Կենսաթոշակային բարեփոխումների եւ կուտակային բաղադրիչի դեմ պայքարին «Հրապարակն» անդրադարձել է այդ պայքարի ծննդյան օրվանից: Չի եղել որեւէ համար, որ մենք մեկ կամ երկու հոդված չունենանք: Լուսաբանել ենք եւ ակցիաները, եւ գործընթացը, հարցազրույցներ ենք արել ակտիվիստների հետ, գովել ու ողջունել այդ շարժումը: Բայց, պարզվում է, «Դեմ եմ»-ի երիտասարդները նեղացած են մեզնից: Օրերս արված մեր որոշ հրապարակումները «դուր չեն եկել» նրանց: Մասնավորապես, խոսքը Ժիրայր Սեֆիլյանի եւ Նիկոլ Փաշինյանի շուրջ ձեւավորված իրավիճակին է վերաբերում: Հիշեցնեմ, որ «Դեմ եմ»-ն ուզում է ընդլայնել պայքարի շրջանակը եւ որոշել է նոր մարդկանց հրավիրել մարտի 22-ի միտինգին, այդ թվում՝ ոչ միայն վերը նշված երկու անձանց, այլեւ հասարակական շարժումների ներկայացուցիչներին, որոնք ելույթ կունենան հարթակից: Սակայն այս պայքարի երկրորդ էշելոնը՝ չորս ոչ իշխանական կուսակցությունները, դեմ են ընդլայնմանը: Նրանց դուր է գալիս «1+ 4» ձեւաչափը: Նրանք ինքնադրսեւորման ասպարեզ են ստացել եւ չեն ուզում այն կիսել այլոց հետ: Ահա այս մասին մեր հրապարակումները դուր չեն եկել կենսաթոշակայինի դեմ պայքարող երիտասարդներին, եւ նրանք բոյկոտ են հայտարարել «Հրապարակին», որոշել են չկարդալ եւ, առավել եւս՝ հարցազրույցներ չտալ: Մենք, անշուշտ, կդիմանանք այս ծանր հարվածին, բայց երկրի համար է սիրտներս ցավում: Փաստորեն, ամենուրեք եւ ամեն ինչում դավադրություններ փնտրող քաղաքական ուժերին միացան նաեւ ապաքաղաքական ուժերը, որոնք նրանց չեն զիջում անհանդուրժողականության, տեղեկատվությունը սեփականացնելու, մութ ու թաքուն գործընթացների մասնակցելու եռանդով: Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե նոր սերունդը նոր շունչ կբերի, նոր մտածողություն, նոր սկզբունքներ:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը