տուն Մամուլ «Հրապարակ». Իշխանություններին ժամանակ՝ մինչև սեպտեմբերի 30-ը

«Հրապարակ». Իշխանություններին ժամանակ՝ մինչև սեպտեմբերի 30-ը

87
0

hraparak

Ազատամարտիկների նորաստեղծ դաշինքը երեկ Արմավիր քաղաքում իր առաջին արտագնա նիստը գումարեց, որին մասնակցում էին դաշինքի խորհրդի հիմնադիր անդամներ՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը, «Դաշտային ազատամարտիկներ»-ի ներկայացուցիչ Սուրեն Սարգսյանը, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, Ադմիրալ Սամվելը եւ այլ հրամանատարներ ու ազատամարտիկներ: Մինչ համագումարի սկսելն ազատամարտիկները ծաղկեպսակ դրեցին Արցախյան պատերազմում զոհված եւ անհետ կորած հերոսների հուշակոթողին:

Ազատամարտիկների դաշինքի ստեղծման պատճառների թվում նրանք նշում են առկա արտաքին մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը, նաեւ ինքնիշխանության հնարավոր կորստի վտանգի առկայությունը։ Դաշինքն իր առջեւ մի շարք խնդիրներ է դրել լուծելու, որոնք հիմնականում ուղղված են մեր պետականության եւ ինքնիշխանության պահպանմանն ու ամրապնդմանը, եւ ներկա իշխանություններին մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տրվել՝ կամ հեռանալ, կամ, ինչպես իրենք են ասում, խելքները գլուխները հավաքել։ «Իշխանությունը պետք է վերադարձնել իր իսկական տիրոջը՝ ժողովրդին»,- իրենց ելույթներում նշում էին հրամանատարները։ Դաշինքի ստեղծումն անհրաժեշտ դարձավ նաեւ այն բանից հետո, նշում էին հավաքի մասնակիցները, երբ Երկրապահ կամավորականների միությունը հայտարարեց, որ իշխանության հետ է, իսկ ազատամարտիկը, երկրապահը միշտ պետք է ժողովրդի կողքին եւ ժողովրդի հետ լինի։

«Մեր այսօրվա հավաքը մեր ծանր վիճակի մասին խոսելու եւ մեր անելիքները հասկանալու, ճշտելու նպատակ ունի, դրանց լուծումները քննարկելու ու գտնելու համար է»,- իր ելույթում ասաց Ռուստամ Գասպարյանը: Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն էլ նշեց, թե այս կառույցը նոր քաղաքական միավոր չէ, այլ բոլոր ջոկատները, կռվով անցած տարբեր միավորները հավաքելու համար է, որպեսզի համախմբեն ժողովրդին եւ կատարեն իրենց առաքելությունը: «Մենք միշտ զսպաշապիկ ենք եղել իշխանիկների համար, շարունակելու ենք լինել: Մենք հաղթանակել ենք, բայց, ցավոք, հաղթանակածի նման չենք ապրում»,-հայտարարեց Ռազմիկ Պետրոսյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։