Ինչպես ժողովուրդն է ասում` էշին փալան չի գալիս, «Ժառանգությանը»՝ վարչություն: Դեռ չի չորացել վարչության հայտնի անդամներ Ստյոպա Սաֆարյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի դուրս գալու թանաքը, երբ մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում նոր «չու» է սպասվում «Ժառանգությունից». վարչությունը շուտով «կլքեն» նորընտիր մամլո քարտուղար Դավիթ Սանասարյանը եւ վերջերս ԿԳԲ-ի հետ սկանդալային պատմության մեջ հայտնված Հրայր Մանուկյանը: Նրանք սովորելու են մեկնելու: Դավիթը` ԱՄՆ, Հրայրը՝ Չեխիա: Ընդ որում, սա այն դեպքն է, երբ «Ժառանգությունում» կարծում են, որ Սանասարյանը կառնի Զարուհու հացը` նախագահի թեկնածուի հարցում, որովհետեւ Համֆրի ծրագրով մեկնում է Վաշինգտոն` «երիտասարդ առաջնորդների դպրոցում» ուսանելու. հանրային քաղաքականություն եւ կառավարում: Ի դեպ, «դպրոցի» դիպլոմում զետեղվում են՝ ոչ ավել, ոչ պակաս, ԱՄՆ նախագահի ու պետքարտուղարի ստորագրությունները, ասել է` Օբամայի ու Քերիի: Հիշեցնենք, որ ժամանակ առաջ Դ. Սանասարյանը նույնպես ԱՄՆ-ում էր` Ռամսֆելդի «ծրագրով»: Ինչ վերաբերում է Հրայրին, ապա վերջինս մեկնելու է ասպիրանտուրան ավարտելու:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը